Արտաքին
2 ժամ առաջ
Ներքին
3 ժամ առաջ
44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ջախջախիչ ու ստորացուցիչ պարտությունից մեկ տարի անց ո՛չ ՀՀ իշխանությունները, և ո՛չ էլ քաղաքացիները չեն արթանացել իրականությունը շարունակաբար մերժելու և զուգահեռ իրականությունում ապրելու թմբիրից։ Սեպտեմբերի 27-ին Բաքվում շեհիդներին նվիրված երթի լուսանկարներն ու հոլովակներն իշխանամերձ խողովակներով անմիջապես տարածվեցին հայկական սոցիալական մեդիայում՝ փորձելով հերթական անգամ շեղել հայության ուշադրությունը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների վերադարձի պահանջից ու Եռաբլուրի ջահերով երթից։
Տրվելով իշխանությունների՝ իրական օրակարգից շեղելու մտադրություններին՝ հայության մի ստվար զանգված անմիջապես մոռացության մատնեց հայկական զոհերին՝ փոխարենը շահարկելով Բաքվի բազմահազարանոց երթը։ Ավելին՝ հայ օգտատերերը սկսեցին պնդել, թե երթի մասնակիցների թիվը գերազանցում է Ադրբեջանի զոհերի պաշտոնական թիվը։ Ըստ Բաքվի՝ Արցախյան 2-րդ պատերազմում 2021 թվականի հուլիսի դրությամբ զոհվել է 2907 ադրբեջանցի, անհետ կորել՝ 7-ը։ Մինչդեռ անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանի իրական զոհերը որքան են կազմում, Բաքվում սեպտեմբերի 27-ին 2907-ից ավելի շեհիդի նկար չկար, և անհաջող մանիպուլյացիա է պնդել, թե Բաքուն սկսել է ներկայացնել իրական թվերը։ Որոշներն ավելի հեռուն գնացին՝ պնդելով, թե հայկական ԶՈՒ-ն չի պարտվել, պարտություն կրել են բացառապես ՀՀ քաղաքական իշխանությունները։ Առաջնորդվելով նման պարզունակ տրամաբանությամբ՝ նույն հաջողությամբ կարելի է պնդել, թե 90-ականներին հաղթել են բացառապես ՀՀ իշխանությունները, մինչդեռ այդ հաղթանակը միայն իշխանությունների մենաշնորհը չէր։ Հայ զինվորին և սպային (անկախ այն հանգամանքից՝ հաղթել են, թե պարտվել) առանձնացնելով ժողովրդից և իշխանությունից, արհեստականորեն կտրվում է զինծառայողի և հասարակության մյուս հատվածի նույնականացման կապը։ Ե՛վ իշխանության, և՛ ԶՈՒ-ի պարտության դեպքում պարտվում է պետությունը, իսկ պետության պարտությունը յուրաքանչյուրինն է՝ անկախ քաղաքացու սեռից, տարիքից, քաղաքական հայացքներից ու այս կամ այն նախապատվություններից։
Հայ քաղաքական ուժերին Արցախյան 1-ին պատերազմից հետո մշտապես թվացել է, թե թաքնվելով Ռուսաստանի թիկունքում՝ կարելի է մատ թափ տալ Ադրբեջանի վրա՝ հույսը դնելով այն հանգամանքի վրա, որ հյուսիսային դաշնակիցը կանխելու է լայնամասշտաբ պատերազմը։ 2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո ՀՀԿ-ին և մասնավորապես Սերժ Սարգսյանին ընդդիմադիրները մեղադրեցին պատերազմը չկանխազգալու, ավելի քան 100 զոհերի և Վարազաթմբի կորստի մեջ։ 2020 թվականին նույն տրամաբանությամբ առաջնորդվեցին ՔՊ ընդդիմադիրները՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պատերազմը չկանխազգալու կամ նախապես իմանալու և չկարևորելու, ավելի քան 4000 զոհերի և Արցախի 75 %-ի կորստի մեջ։ Մինչդեռ եթե 2016-ի ապրիլին օրվա իշխանություններին հաջողվեց կանխել պատերազմի հետագա էսկալացիան՝ բազմաթիվ զիջումներ խոստանալով Բաքվին, ապա 2020-ի իշխանությունները չկարողացան այդկերպ վարվել։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո գալով իշխանության՝ արտաքին քաղաքականության առումով ՔՊ-ի մեծագույն տապալումը 2016-ի Քառօրյա պատերազմի ուսումնասիրության արդյունքների ձևախեղումն էր և խնդրի քաղաքականացումը։ Քառօրյան Մարտի 1 չէր, և քաղաքական հակառակորդի դեմ չէր կարելի պայքարել պետության կենսական շահերի հաշվին։ ԱԺ-ում 800 հեկտարի քաղաքականացված մանիպուլյացիայի համար պետք էր ստեղծել ոչ թե Քննիչ հանձնաժողով ու որոշ ժամանակ անց անփառունակ վախճանով կասեցնել կառույցի գործունեությունը, այլ պարզապես պետք էր դաս քաղել Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի վրա մատ թափ տալու և Ռուսաստանին անվերապահորեն վստահելու սխալներից։ Ապրիլյան պատերազմի հետո հանդիպելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել էր, թե չէր սպասում, որ Ռուսաստանը թույլ կտա լայնամասշտաբ պատերազմական գործողություններ։ Եթե Սերժ Սարգսյանի թիկունքում Ռուսաստանը սակարկել ու ընդհանուր հայտարարի էր եկել Ալիևի հետ, ապա ինչու չէր կարող նույն կերպ վարվել Փաշինյանի հետևում, մանավանդ, որ ՀՀ հեղափոխական վարչապետն ու իր թիմը երբեևէ վստահություն չեն ներշնչել Մոսկվային։
Հետպատերազմական շրջանում իշխանական ու իշխանամերձ շրջանակները, հրաժարվելով ընդունել խաղաղության օրակարգի վիժեցման ու հայկական կողմի կրած պարտության գործում մեղքի իրենց ահռելի բաժինը, շարունակ մեղավորներ են փնտրում՝ նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ու բանակցային գործընթացի շահարկմանը խառնելով թուրք-իսրայելական գործոնը։ Այն, որ Թուրքիան Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական հսկայական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, կասկածից վեր է, բայց միամտություն է կարծել նաև, թե Թուրքիայի դերի բացակայության պայմաններում հայկական կողմը կարող էր պահպանել Արցախը։ Եթե անգամ Թուրքիան Սիրիայի տարածքից արաբ և թուրքոման ահաբեկիչներ չբերեր Արցախ, միևնույն է, հայկական կողմին չէր հաջողվելու կոտրել Ադրբեջանի ԶՈՒ ողնաշարը։ Եթե անգամ պատերազմի օրերին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները, այն է՝ թաթերն ու թալիշներն ապստամբեին, միևնույն է, պատերազմն այլ ելք չէր ունենալու։
Հայերը կարող են հիանալ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի լուսանկարներով կամ նախագահ Էմանուել Մակրոնի հայերեն գրառումներով, բայց ո՛չ Ֆրանսիան, և ո՛չ էլ արևմտյան որևէ գրանտ-պետություն Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք չի կնքելու, ու, առավել ևս, Հայաստանը չի զինելու։ Գուցե շատերին հաճելի չէ Արցախի հայկական կղզյակում հայ դիրքապահների փոխարեն տեսնել ռուս խաղաղապահների, բայց ռուսական առաքելությունն է այժմ Արցախում հայկական էթնոսի գոյության երաշխավորը։ Անգամ Արևմուտքը, որը մշտապես սվիններով է ընդունում ռուսական ռազմական ներկայությունը հետխորհրդային տարածաշրջանում, Արցախի հարցում Կրեմլի հետ կոնսենսուս ունի և բազմաթիվ վերապահումներով հանդերձ՝ գիտակցում է խաղաղապահների նշանակությունը․ հանգամանք, որը չեն ցանկանում տեսնել Հայաստանում։ Ավելին, Հայաստանում դեռևս ուժեր կան, որոնք խոսում են ոչ միայն Արցախի բռնազավթված հատվածը վերադարձնելու, այլև Կուր-Արաքսյան Հանրապետություն ստեղծելու մասին։ Նման շահարկումները ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ են հետապնդում, այլ վաղուց արդեն վերածվել են անմեղսունակ գործելաոճի։ Կորցնելով իրատեսության վերջին բնազդները՝ հայկական քաղաքական միտքը Հայաստանը տանում է նոր աղետների ճանապարհով՝ կերակրելով ապագայում նոր հաղթանակի սին թեզերով։ Առհասարակ, Հայաստանում հայրենասիրությունը վերածվել է շուկայական ինչ-որ ապրանքի, որը ենթակա է սակարկման և վաճառքի․ այդ է պատճառը, որ ամեն մեկն իր պատկերացումն ունի հայկական հայրենասիրության մասին։ Ընդ որում, որպես կանոն, առավել հայրենասեր է նա, ով առավել ակտիվ է հանդես Ադրբեջանի վերացման և Թուրքիայի կործանման օգտին։ Միջնադարյան նման պատկերացումների և հայ ազգաբնակչության քննադատական նվազ կարողությունների արդյունքում հայ մաքսիմալիստներն իրենց հայրենասիրական մտքերն ավելի թանկ են վաճառում՝ քաղաքական «շուկայում» թելադրելով հայրենասիրության «օրինակելի» ձևեր և չափանիշներ։
Օրինակ՝ տաղանդավոր մտածող Գրիգոր Բաբայանը, որին շարքային հայը նվազագույն ցանկության դեպքում հայրենասիրության «օրինակելի» չափանիշների համաձայն կարող է համարել «դավաճան»՝ պիտակավորելով «հողատու» մակդիրով, իրավացի էր, երբ ասում էր, թե մենք մեր հակառակորդին չենք կարող ոչնչացնել, բայց հաղթել պարտավոր ենք։ Արցախյան առաջին գոյամարտին հաջորդած ժամանակահատվածում հայության շրջանում, իսկապես, ոչ այնքան ծավալվել է հակառակորդին հաղթելու, որքան վերացնելու, ջախջախելու և ոչնչացնելու դիսկուրսը։ Այս պաթոսախեղդ ու անհեռատես տրամաբանության արդյունքում ադրբեջանցին հայի համար մի քանի տարվա ընթացքում հակառակորդից վերածվեց թշնամու, իսկ Բաքվին վերջնականապես ծնկի բերելու ուտոպիան՝ հայկական պետականության դինամիկ կազմաքանդման։
Գրիգոր Բաբայանը, ով Շուշիի առանձնակի գումարտակի կազմում կռվել էր քաղաքի ազատագրման համար, ոչ թե բազմոցին նստած, հեռուստացույցի հետ քննադատական մենախոսությամբ տարված կամ սոցիալական ցանցերում հարևանի տղայի հաշվին Բաքուն արյան ծով դարձնող հայից քիչ էր փափագում մեծ ու պատմական Հայաստանը, այլ արմատապես այլ ընկալում ուներ իրականության դասավորության և հաղթանակի գաղափարների վերաբերյալ։ Այդ հաղթանակը թշնամի բառի դուրսմղումն էր՝ հօգուտ կառուցողական հակառակորդի, և խաղաղության օրակարգի պարտադրանքը՝ հանուն ընդհանուր համակեցության և երրորդ կողմի ինտերվենցիաների բացառման։ Որովհետև անհնար է հաղթել քեզ գերազանցող թշնամուն, բայց միանգամայն իրատեսական է հաջողության հասնել հակառակորդի նկատմամբ։ Արևելյան հարևանին հռչակելով թշնամի՝ հայը տասնամյակներ շարունակ կտրվել է իրականությունից՝ թերագնահատելով ու անուշադրության մատնելով ոչ միայն Ադրբեջանի աշխարհագրական ու բնական ռեսուրսները, այլև իշխող Ալիևների կլանում չարորակ ուռուցքի վերածվող հայաֆոբիան։ Հանգամանք, որը եզակի ֆենոմեն է և ծայրահեղական դրսևորումներով չի կարող համեմատվել անգամ մերօրյա Թուրքիայի չափավոր հայատյացության հետ։ Հայաստանում բավականաչափ ուշադրության չի արժանացել այն փաստը, որ Արցախյան խնդրի ֆոնին Ալիևների կլանը հայաֆոբիան ծառայեցրել է ոչ միայն Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ ժողովուրդների համախմբման, այլակարծության ճնշման ու քաղաքական հետապնդումների իրականացման, այլև հենց տիտղոսակիր ժողովրդի՝ ազերիների ձևավորման համար։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում որդեգրած ստատուս քվոյի պահպանման մարտավարությունն ու հակամարտության սառեցված կարգավիճակի երկարաժամկետ հետաձգումը ոչ միայն մեծացրել են Ալիևների՝ հայի հանդեպ մինչ այդ էլ ունեցած ատելության չափաբաժինը, այլև նպաստել են ադրբեջանցիների վերջնական ձևավորմանը որպես ազգ՝ յուրաքանչյուր օր ավելի ու ավելի մոտեցնելով լայնամասշտաբ պատերազմին։ Արդյունքում, Արցախյան հակամարտության շնորհիվ ադրբեջանցին վերջնականապես ձեռք է բերել ազգային, հոգևոր, մշակութային, սոցիալական և հումանիտար ինքնագիտակցություն՝ «հարավկովկասյան թաթար» եզրույթը դարձնելով հնաբանություն։ Այս եզրը վաղուց արդեն վերագրելի չէ արդի ադրբեջանցուն, քանի որ 1918 և 2021 թվականի ադրբեջանցիները նույնականացման մակարդակում տարբեր կատեգորիաներ են, ինչպես տարբեր են մուսաֆաթական և Ալիևի կլանի Ադրբեջանները։ Այսօր Ադրբեջանը մինի Թուրքիա է և Թուրքիայի կողմից կլանվող պետություն, որն իր հավակնություններով տարածաշրջանում գերազանցում և երկարաժամկետ կտրվածքով գերազանցելու է Վրաստանին և Հայաստանին։ Սա այն իրողությունն է, որը պատերազմից անգամ 1 օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, չէին հասկանում Հայաստանում։