Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:32 12-07-2021

Ինչով է զբաղված Պահպանողական կուսակցությունը. Կարեն Հեքիմյանն ընդդեմ Միքայել Հայրապետյանի

Հայաստանում 100-րդ կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց 2021 թ. մայիսի 24-ին: Նման վիճակագրություն չի արձանագրվել անկախացումից ի վեր: Գրանցված կուսակցությունների մեծ մասն ընդհանրապես գործունեություն չի ծավալում՝ թեկնածուներ չեն առաջադրում, գումար չեն ծախսում, համագումարներ չեն կազմակերպում, իսկ շատերը նույնիսկ մեկ տասնյակ անդամ էլ չունեն:

Հայաստանի պահպանողական կուսակցության 4 հիմնադիրներից մեկը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը, Օրագիր.news-ի հետ զրույցի ընթացքում պատմեց, որ կուսակցությունը գրանցվել է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում 1991թ.՝ ՀԵՄ-ի՝ Հայաստանի երիտասարդական միության հիմքի վրա: Տվյալ պահին Հայաստանում գործում էր երկու կուսակցություն՝ «Հանրապետական կուսակցություն» և «Աբովյանի սոցիալ-դեմոկտարական կուսակցություն»:

«Այնուհետև մեզնից շատերը հեռացան քաղաքականությունից: Հետագայում իմ երաշխավորությամբ 1998-1999թթ. կուսակցության նախագահ նշանակվեց Միքայել Հայրապետյանը: Այսօր արդեն կուսակցությունը փաստացի չի գործում, տարածքային կառույց չկա, մարզային ստորաբանումներ՝ նույնպես, և դրա պատճառը Միքայել Հայրապետյանի անգործությունն է»,- փաստում է Կարեն Հեքիմյանը:

Կուսակցությունների իրավական դաշտը կարգավորվում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով: Գործող իմպերատիվ պահանջների համաձայն՝ մանավորապես օրենքի 17-րդ հոդվածով, նախատեսված է, որ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմին պետք է լինի կուսակցության համագումարը, ժողովը կամ համաժողովը, որը կուսակցության կանոնադրության նախատեսված ժամկետով հրավիրում է գործող մարմինը, բայց ոչ ուշ, քան 4 տարին մեկ անգամ: Կուսակցությունը պետք է ունենա նաև կանոնադրություն:

«Պահպանողական կուսակցությունը շատ լավ կանոնադրություն ունի, որը մենք ժամանակին գրել ենք: Ըստ կանոնադրության՝ կուսակցությունը պետք է ունենա համագումար, որը պետք է հրավիրվի 2 տարին մեկ անգամ: Կուսակցությունը պետք է ունենա նաև նախագահ, որը պետք է ընտրվի հրավիրված յուրաքանչյուր համագումարի ընթացքում: Իմպերատիվ պահանջ կա նաև, որ կուսակցությունները պետք է մասնակցեն ԱԺ, ինչպես նաև Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին: Ընդ որում՝ կուսակցությունների մասին օրենքի 32-րդ հոդվածը շատ հստակ նշում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե կուսակցությունն ինքնուրույն կամ որևէ դաշինքի կազմում երկու անգամ անընդմեջ չի մասնակցել վերը նշված ընտրություններին: Կուսակցությունը, ըստ տրամաբանության, հենց դրա համար է, որ մասնակցի քաղաքական գործընթացներին, ներկայացնի իր քաղաքական պլատֆորմը, ծրագրերը: Եթե այդ ամենը չկա, էլ ո՞ւմ է պետք կուսակցությունը, այն դառնում է խմբավորում, որը չգիտես ինչով է զբաղված: Այս վիճակի պատասխանատուն Միքայել Հայրապետյանն է: Ես անձամբ 1997թ. ի վեր չեմ մտաբերում որևէ համագումար»,- ասում է Կարեն Հեքիմյանը և հավելում, որ կուսակցությունն ավագանիների ընտրություններին ընդհանրապես չի մասնակցել, իսկ դաշինքների կազմում՝ 2 անգամ՝ 2007թ. «Իմպիչմենթ» դաշինքի կազմում, ինչպես նաև վերջին ընտրություններում՝ «Ազատ հայրենիք» դաշինքում:

Կարեն Հեքիմյանը նշեց նաև, որ այսօր ՏԱ օրենքի համաձայն՝ կուսակցության վերաբերյալ հարցում է ուղարկել Արդարադատության նախարարին, որը պետք է ինչ-որ կերպ վերահսկի կուսակցությունների գործունեությունը. «Հարցերս վերաբերում են կուսակցության գրացման և վերագրացման, նախագահի ընտրության, կանոնադրության ընդունման և փոփոխության տարեթվերին, կուսակցության գույքին, ինչպես նաև մասնակցությունը կայացած ընտրություններին: Բոլոր հարցերի պատասխանները, իհարկե, ես ունեմ, սակայն ինձ պետք է պաշտոնական պատասխան հետագայում գործընթացներ սկսելու համար: Նախատեսում եմ դատական պրոցես սկսել Միքայել Հայրապետյանի դեմ և դատարանից պահանջել դադարեցնել վերջինիս լիազորությունները: Կարծում եմ, որ կուսակցությունը հետագայում պետք է նորմալ գործունեություն ծավալի, այն պետք է ծառայի իր նպատակներին: Ի վերջո, մեր կուսակցությունը շատ լավ կանոնադրություն ու ծրագրեր ունի, որոնք կարող են իրագործվել»:

Ձեզ գուցե հետաքրքրի