copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 10-05-2024

Փաշինյանը կրկնում է աղետալի սխալը

Ինչպես և կանխատեսվում էր, Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական թեման ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս բերման հարցն է եղել։ Կրեմլի խոսնակ Պեսկովն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ռուսական զորքերը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններում կմնան։ Այսպիսով ակնարկվում է, որ ՌԴ-ն, չնայած հայ-ռուսական 1995-ի մարտի 16-իպայմանագրի, որի ժամկետը լրանում է 2044-ին, պատրաստ էր դուրս բերել իր զորքերը։ Սակայն Փաշինյանը խնդրել է, որ մնան։ Ինչու՞ են ռուսները պատրաստ հեռանալ Հայաստանից, և ի՞նչ աղետալի հետևանք կլինի, եթե նրանք մասամբ մնան այստեղ։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ՝ ապրիլի 17-ին Արցախում տեղակայված ռուսական զորքերը սկսեցին դուրս գալ։ Մի քանի օր անց նաև Ակնայում (Աղդամ) տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը լուծարվեց։ Այսօրվա դրությամբ Արցախում և Ադրբեջանում ռուսական զորքեր չկան։ Ապրիլի 19-ին սկսվեց սահմանազատումը Տավուշի հատվածում։ Իսկ երեկ պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-ադրբեջանական սահմանից ռուս զինվորների դուրս բերման մասին։ Ենթադրելի է, որ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից ռուսական զորքերի դուրս բերման մասին կա մեծ պայմանավորվածություն կողմերի և բանակցային միջնորդների միջև։

Այս պատմությունը մեկ անգամ արդեն կրկնվել է 30 առաջ։

1994-ի մեծ զինադադարից առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հակամարտող կողմերի և միջնորդների միջև, որ զինադարարից հետո ռուսական (նախկին խորհրդրային) զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից ամբողջությամբ։ Մայիսի 12-ից հետո ռուսական զորքերը դուրս բերվեցին Ադրբեջանից և Արցախից, սակայն ՀՀ-ում մնացին։ 1995-ի մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագրով, որի տեքստն, ի դեպ՝ ՀՀ պաշտոնական աղբյուրներում հրապարակված չէ, Գյումրիում տեղակայվեց ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայվեցին հայ-թուրքական, հետո հայ-իրանական սահմաններին, իսկ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո տեղակայվեցին նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում։

Հետագայում 2010-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նիստերից մեկում նշեց, որ ինքն է խնդրել ռուսներին, որ ՀՀ-ում ռազմակայան տեղակայվի։

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայումը հանգեցրեց այն բանին, որ միջազգային հանրությունը երես թեքեց ՀՀ-ից։ Առաջին լուրջ ապտակը եղավ 1996-ի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ընդունվեց գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետագա տարիներին ռուսական զորքերի ներկայությունը շանտաժի գործիք էր, որով ստիպում էին ՀՀ իշխանություններին անարդար պայմանագրեր ստորագրել, սպասարկել ռուսական շահերը։ ՀՀ-ում ռուսական զորքերի ներկայությունը նաև լեգիտիմ հիմք ստեղծեց 44-օրյա պատերազմի համար, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ժողովրդավարական աշխարհին ներկայացնում էին, որ ՀՀ-ն ռուսների դաշնակիցն է, հակաքաղաքակրթական դիրքավորում ունի։ Իսկ Չինաստանը միջազգային ամբիոններից նշում էր, որ Հայաստանը դիտում է որպես ռուսական ազդեցության գոտի, ոչ լիարժեք անկախ երկիր։

Օրեր առաջ՝ մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում դարձյալ խոսեց Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու լեգիտիմությունը չեզոքացնելու մասին։ Դա կրկին վերաբերում էր առաջին հերթին ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերմանը։ Հետևաբար՝ ՀՀ-ից ռուսական զորքերի մասամբ դուրս բերումը մասամբ է չեզոքացնում թշնամիների կողմից ՀՀ-ի դեմ ագրեսիայի լեգիտիմությունը։ Հաշվի առնելով այն, որ ներկայում Ադրբեջանում ռուսական զորքեր չկան, իսկ ՀՀ-ում կան, ապա Բաքուն ու Անկարան կրկին կարող են մատի փաթաթան դարձնել այդ փաստը, Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես ռուսական շահերի պաշտպան, արդարացնել Հայաստանի դեմ պատերազմը, քանի որ ամբողջ միջազգային հանրությունը Մոսկվայի ներկայիս իշխանություններին համարում է չարիք։ Ու եթե Նիկոլ Փաշինյանի խնդրանքով են ՀՀ-ում մնում ռուսական զորքերը, ապա դրանով նա ցույց է տալիս, որ ինքը նույնն է մնացել։ Իսկ միջազգային հանրությունը ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ հավանական նոր ագրեսիայի դեպքում դարձյալ կարող է չօգնել նույն Նիկոլ Փաշինյանին, անտարբեր մնալ, որից կրկին տուժելու է ժողովուրդը։

Կրեմլի խոսնակ Պեսկովի ընդգծումը, թե Երևանի խնդրանքով են ռուսական զորքերը մնում հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին իրական թակարդ է ՀՀ-ի համար։ Այս պարագայում ՌԴ-ն լեգիտիմ իրավունք է ստանում խառնվել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին ու ավարտին մոտեցող հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Ռուսական զորքերի ներկայությունը ՌԴ-ին հիմք է տվել և այսուհետև էլ հիմք է տալու ցանկացած հարթակում հիմնավորելու, որ Մոսկվան իրավունք ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի և սահմանազատման լեգիտիմ երաշխավորը լինել։

Ավելորդ է հիշեցնել, թե ինչ թանկ վճարեց հայ ժողովուրդը 44-օրյա պատերազմում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ռուսամետ դիրքորոշման արդյունքում, ռուսական միջնորդության, երաշխավորության և խաղաղապահ առաքելության դիմաց։ Աշխարհի աչքի առաջ Նիկոլ Փաշինյանի դաշնակից Մոսկվան օգնեցին Բաքվին հաղթել պատերազմում, հետո Փաշինյանի կողմից հրավիրված ռուս խաղաղապահները նպաստեցին արցախահայերի բռնի տեղահանմանը։ Կասկած չկա, որ հետագա ռուսական միջորդություններն ու երաշխավորությունները կրկին ի վնաս հայերի են լինելու։

Այս պարզ բանը չհասկանալ ու անցյալի սխալը կրնկնել կարող է միայն Նիկոլ Փաշինյանը։ Ու եթե նա առաջիկա շաբաթներին օրակարգ չբերի նաև ՀՀ սահմանի մյուս հատվածներից ռուսական զորքերի դուրս բերման հարցը, ապա թե՛ սահմանազատումը, թե՛ խաղաղության պայմանագիրը կորոշեն Մոսկվան ու Բաքուն միասին, որի արդյունքում ՀՀ-ն ու ժողովուրդը, բնականաբար՝ տուժելու են։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ հերթական պարտության մեղքը փորձելու է բարդել ընդդիմախոսների վրա, նրանց որակելու է ռուսական գործակալ ու նրանց գրպանն է գցելու ոչ հայանպաստ սահմանազատումն ու ոչ հայնպաստ խաղաղության պայմանագիրը։

Ահա, թե ինչ աղետալի հետևանքներ է ունենալու Նիկոլ Փաշինյանի խնդրանքը հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին տեղակայված ռուսական զորքերը դուրս չբերելու վերաբերյալ։

Թաթուլ Մկրտչյան