Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 14:38 09-05-2024

Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում

Իշխանության սպասարկուները փրփրաբերան ընդդիմախոսում են հատկապես եկեղեցուց․ հաստատաբար՝ խնդիր են ստացել բոլոր հնարավոր եղանակներով վարկաբեկելու «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը, որին աջակցություն են հայտնում աշխարհասփյուռ հայության նորանոր խմբեր և գաղթօջախներ։
Ահա, օրինակ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի երեկվա եթերում «մերկացնում» է եկեղեցու հովվապետին։

«2020 թվականի պատերազմից հետո շատ ծանր վիճակում էինք․ ես Ազգային ժողովում էի, և Անդրանիկ Քոչարյանը հրավիրեց ինձ ու ասաց, որ գերիների հարցով ինչ-որ բան պիտի անենք։ Եվ ասաց՝ գնանք Վեհափառի մոտ, գնանք-տեսնենք՝ ինչով կկարողանա օգտակար լինել։ Մեր ծրագիրն այն էր, որ Մայր Աթոռը դիմի Կոստանդնուպոլսի պատրիարքին և պատրիարքարանի կապերն օգտագործելով, հայկական շրջանակների միջոցով, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն Թուրքիայի նախագահի հետ, կարողանանք նրանց օգնությամբ Ադրբեջանից գերիներ բերել։ Մենք առաջարկեցինք, որ Վեհափառը դիմի Պոլսո Սահակ պատրիարքին՝ նշած հարցով, բայց Վեհափառը հրաժարվեց։ Ասաց, որ քաղաքական այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում, իրեն չեն տրամադրում այս հարցով որևէ կերպ միջամուտ լինել։ Ճիշտն ասած, հետո խոսակցությունը գնաց ներքաղաքական գործընթացների մասին, և նա ասաց, որ գործող վարչապետը պիտի հեռանա, կամ հեռացվի, և Քոչարյանը պիտի գա»։ «Հենց ըտե՞նց», ճշտում է հաղորդավարը։ «Հենց ուղիղ։ Եվ դա իմ վերջին հանդիպումն էր նրա հետ», լրացնում է Արման Բաբաջանյանը։

Հարցազրույցի անցկացման օրը չենք կարող ասել․ հնարավոր է՝ այն պատրաստվել է նախապես, բայց հեռարձակվել է երեկ՝ մայիսի 8-ի երեկոյան այն ժամերին, երբ եկեղեցական առաջնորդների կողմից ղեկավարվող Շարժումը հասել էր Երևանի մատույցներ, ու պատրաստվում է այսօր մտնել Երևան։
Հաշվարկը պարզ է՝ ամենամեծ լսարան և սփռվածություն ունեցող Հանրային հեռուստատեսությամբ հեղինակազրկել այն Շարժումը, որի հաջող ընթացքի արդյունքում կտապալվի այս ազգադավ իշխանությունը, մասնավորապես որի սպասարկուներն են, կրկնենք, թե՛ հարցազրույց վարողը և թե՛ հարցազրույց տվողը։
Զուգահեռաբար, իշխանական խողովակներից սնվող մյուս տեղեկատվամիջոցները վերջին շաբաթների ընթացքում քանիցս զբաղվել են թե՛ եկեղեցու, թե՛ «նախկինների», թե՛ բռնի տեղահանված «արցախցի քույր-եղբայրների» ուղղությամբ ամենահնարավոր ստի, կեղծիքի գեներացմանը և տարածմանը։

Բնականաբար, այս վարքագիծը միանգամայն սպասելի է անհայրենիք այս զանգվածի կողմից, և համոզված ենք, որ միայն Շարժումը հաջողելու դեպքում կձերբազատվենք հակահայ վարչախմբից ու նրա գործունեությունից, որն ուղղված է Հայաստանի թշնամի երկրների շահերի պաշտպանությանը։

Տիգրան Աթանեսյան