Քաղաքական կուսակցությունները շարունակում են իրենց նախընտրական քարոզարշավները: Այսօր նույնպես քարոզարշավի ընթացքում հնչած ելույթները բազմաբովանդան էին ու հետաքրքրաշարժ:
Մասնավորապես, «Հայաստան» դաշինքից առաջադրված վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մեծամորի բնակիչների հետ զրույցում, կրկին ընդգծելով գործող իշխանության սխալերը, նշեց, որ պետությունը պետք է շահագրգռված լինի քաղաքացիներին ոչ թե տուգանելու, այլ դաստիարակելու մեջ: «Աշխարհում ոչ մի տեղ երթևեկության կանոնների պահպանման համար տեղադրված տեսախցիկները չեն դիտարկվում որպես բիզնես: Պետությունը չպետք է շահագրգռված լինի բարձր տուգանքներ նշանակելու մեջ»,- հավելեց Քոչարյանը՝ նշելով, որ Եվրոպայում ճանապարհորդելու ժամանակ ինքը մի քանի անգամ տուգանք է վճարել, որոնք չեն գերազանցել 18 եվրոն: Անդրադառնալով ատոմակայանին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռ 1995 թվականին: «Հրազդանի 5-րդ բլոկը սկսեց վարկավորվել՝ այն պայմանով, որ դա կառուցվում է, ատոմակայանը պետք է փակվի: Այդ ժամանակ ես ուղղակի պրոցեսը դադարեցրել եմ, 5-րդ էներգաբլոկը կոնսերվացիայի ենք ենթարկել, չինացիների հետ հասել ենք նրան, որ ատոմակայանը փակելն օրակարգից հանել ենք ԵՄ-ի հետ: Բավականին լուրջ ծախսեր են արվել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Քոչարյանը: Խոսելով էներգետիկ ոլորտում «Հայաստան» դաշինքի ծրագրերից՝ նա ասել է. «Մեր ծրագրերն էներգետիկայում հետևյալն են՝ մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ տարածաշրջանի համար, մենք ունենք ավելցուկ հզորություններ: Մեր էներգետիկ հզորությունները համենայնդեպս մինչև վերջերս մոտ 50 տոկոսով էին ծանրաբեռնված, ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով ՝ Իրանի հետ կապող էլեկտրական գիծը չկառուցվեց, հիմա շինարարությունը նոր-նոր փորձում են առաջ տանել»: Իսկ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Քոչարյանը նշել է, որ իրենց քաղաքական թիմն ունակ է և կարող է վերականգնել երկրի կառավարելիությունը: «Ժամացույցի պես աշխատող պետական կառավարման համակարգը պետք է աննկատ լինի: Կառավարության արած գործը ժողովրդի կյանքում ամեն օր պետք է նկատելի լինի: Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով: Մենք կարող ենք անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո բնականոն ընթացք լինի հանրային ծառայություններում, կառավարման ոլորտում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Մայր Աթոռն արձագանքել է նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց եկեղեցու հասցեին. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»։
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որում աջակցություն է հայտնել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Կարապետյանն ուղերձում նշել է, որ 2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։ Եվ, ըստ Կարապետյանի, դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ «Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով՝ երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։ Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը եւ կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ եւ արդյունավետ պետություն։ Ուստի՝ առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ եւս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք եւ որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման»,- ասել է ՀՀ նածկին վարչապետը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տանում են Երևանին հանձնելու, սակայն տարել են ծեծել ու վերադարձրել խուց, իսկ վերջին անգամ՝ հանձնելուց առաջ, ասել են, որ հագնվեն, տանում են մորթելու: Տղաներն ասում են, որ մինչև Վրաստանի սահմանը հասնելն իմացել են, որ տանում են իրենց մորթելու:Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, քաղաքական թիմի Նյուրենբերգը լինելու է»:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան: Ըստ նրա՝ ամենակարևորն այժմ իշխանության հեռացումն է: «Նիկոլ Փաշինյանի շատ հայտարարություններ պարունակում են հանցանքի նշաններ, սակայն գլխավոր դատախազությունն անգործության է մատնված: Մուրճը նրա հոգեկան անհավասարակշռության դրսևորումն է, ինչի մասին խոսում են նաև նրա թիմակիցները: Նա հասկանում է, որ պատրվել է, այդ պատճառով պատրաստ է ամեն ինչի: Որտե՞ղ եք տեսել, որ հաղթողները հանրահավաք անցկացնեն: Նա ուժով վերցրել է իշխանությունը»,- նշել է Արսեն Բաբայանը: Նա հույս է հայտնել, որ իրավապահները Փաշինյանին չեն թողնի կրկին հեղաշրջման ճանապարհով բռնազավթել իշխանությունը:
Խոսքը գործող իշխանության ներկայացուցիչներ Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան սկանդալային զրույցի մասին է, որը տեղի է ունեցել հունիսի 7-ին: Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին ու վերջին հայհոյանքներով վիրավորել՝ հավաքին քիչ մարդ ապահովելու համար: Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ, Էջմիածնում տեղի ունեցած սակավաթիվ նախընտական հանրահավաքից հետո Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին, նրա հասցեին վերջին հայհոյանքները տեղացել՝ մեղադրելով 2 տարում իր ողջ ռեսուրսը մսխելու մեջ:
Նախընտարկան քարոզչությունն ամփոփենք ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հերթական հանճարեղ մտքերից մեկով. Parliament monitoring-ին տված հարցազրույցում, արձագանքելով այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հայհոյանքներ են հնչել, Նազարյանը պատասխանել է. «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի նունի, որ 2.500 կմ ճանապարհ է կառուցելու»: