ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով այս իշխանության վերարտադրման դեպքում հնարավոր վտանգներին, հայտարարել էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանին համարում է ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը. «Ես Վստահ եմ` այդ երկրների հետ՝ գալու է մի օր նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ նրա հետ նորմալ հարաբերություններ ըսկի իր ընտանիքը չի կարողանում հաստատել: Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, ի՞նչ է եղել»:
ՀՀ առաջին նախագահը խոսել է նաև վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի արտահայտած այն տեսակետների մասին, թե երբ և ինչպես է Արցախը դուրս մնացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից՝ որպես հակամարտող կողմ: Նա նշել է, որ այստեղ Քոչարյանը մանիպուլյացիա է անում: Ղարաբաղյան գործընթացի կարգավորման միակ ատյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Իսկ Ղարաբաղն այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ: «Կողքի բանակցությունները միշտ էին ընթանում, և եթե չընթանային, ոչինչ չէր ստացվի: Իսկ որ Լիպարիտյանը մի տարի խոսել է Գուլուզադեի հետ, դա բանակցություն չէր: Բանակցությունն այն էր, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում: Որոշումներ կայացնում էր միայն Մինսկի խմբի համանախագահությունը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտարարել է նաև, որ իրենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը` ո´չ Ռոբերտը, ո´չ Նիկոլը, ո´չ երրորդը, չլինեն վարչապետ. «Պետք է գտնվի ճգնաժամային կառավարման կառավարության կառավարիչ` տեխնոկրատ: Սա մեզ համար սկզբունք է: Քաղաքական որևէ դեմքի պարագայում Հայաստանը կկործանվի»:
«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 10-ին այցելել էր Սյունիք, որտեղ ընտրողների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը կարճ արձագանքել է վարչապետի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու. «Գլուխները պատին կտան. թույլ չենք տա»: Ի տարբերություն Վանեցյանի զուսպ արձագանքին՝ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ է խոսել գործող վարչապետի ելույթների մասին: Մասնավորապես, անդրադառնալով սոված ու գետնից կոնֆետ ճանկռող զինվորի թեմային, ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակ բանակներից մեկն էր համարվում, բյուջետային քիչ ծախսերով դաշնակիցներից այնքան սպառազինում էր ստանում, որ բոլորը հանգիստ էինք, քանի որ սահմաններն ամուր էին: «Ա՛յ անասուն, էդ ո՞ր զինվորի մասին ես խոսում, էն զինվորի, որն ադրբեջանցուն 30 տարի ծնկի բերած պահե՞լ է, էն զինվորի, որն ադրբեջանցու ասաց երկրի 20 տոկոսն իր վերահսկողության տակ է պահե՞լ, ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա՛, չե՞ս սատկում: Նա, եթե զինվորի տեղն իմանար, կասեր մի կրակեք, որ ադրբեջանցին էլ գա գերի տանի ու ծաղրի՞ նրան: Կներեք, բայց երբ խոսքը գնում է բանակի մասին, չեմ կարողանում ինձ զսպել»:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ Թալինում նախընտարական քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով հայ ռազմագերիների հարցին, նշեց, որ անբարոյականություն է համարում գործող վարչապետի այն արտահայտությունը, որ մեր գերիները կարող են մի երկու ամիս էլ սպասել: «Մենք միջնադարո՞ւմ ենք, որ հայտարարում է, թե պաշտոնապես դիմում եմ Ադրբեջանին, որ պատրաստ եմ տղայիս փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ: Դա էժանագին տրյուկ է, պրիմիտիվ դեբիլություն: Փորձում եմ կոռեկտության սահմաններում մնալ, բայց պետք է երևույթներն իրենց անունով կոչել: Սա այն թեման չէ, որտեղ պետք է նմանօրինակ տրյուրկներ կիրառել: Ինչո՞ւ է խաղում մարդանց հույզերի հետ, պարզ չէ՞, որ դա հնարավոր չէ իրականացնել»,- ասում է Ռ. Քոչարյանը: Նա հայտարարել էր նաև, որ թշնամին Շուշի է մտել առանց տեխնիկայի. «Հադրութը գրավելուց հետո, երբ հարավում լայն ճակատ ճեղքեցին, պիկապներով անտառերի միջով եկել-մտել են Քարին տակ, հետո՝ Շուշի: Դա շատ կասկածի տեղիք է տալիս, որ մարդիկ մտածեն՝ Շուշին հանձնել են: Իհարկե, հնարավոր էր կանխել նրանց առաջընթացը, բայց դա չի արվել: Այն գործարքային 5 միլիարդի մասին պտտվող լուրերը պարապ խոսակցություններ չեն, եղել են նման առաջարկներ: Իշխանափոխությունից հետո ամեն ինչ պարզ կլինի»:
Սրան բավականին արագ արձագանքեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին հորդորելով Շուշին անպաշտպան թողած ու իր թիմն անցած մի երկուսին կանչել ու հարցնել, թե ով է իրականում Շուշին հանձնել: «Ասում է կասկած ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնել են, բա հա, Շուշին հանձնվել է, որովհետև Շուշին պաշտպանելու փոխարեն եկել հրապարակն ու կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, բա ինչո՞ւ էիք սպասում, սպասում էիք Շուշին ընկնի՞»,- ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս ամենին զուգահեռ՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա էին իրականացնում` ներկայացնելով, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։ Երիտասարդները ելակ, կոնֆետ և անդրավարտիք էին նետել կառավարության առջև` հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,- հայտարարել էր երիտասարդներից մեկը՝ դրանք նետելով գետնին։