Նախընտրական քարոզարշավ՝ օր 6-րդ. 15 հայ ռազմագերիներ վերադարձել են Հայաստան
copy image url

Նախընտրական քարոզարշավ՝ օր 6-րդ. 15 հայ ռազմագերիներ վերադարձել են Հայաստան

Ներքին 3 տարի առաջ - 23:28 12-06-2021

Չնայած այն ամենին, որ գերեվարված հայ զինվորների վերադարձման միջոցով գործող իշխանությունը փորձում է ընտրողների հավանությանն ու վստահությանն արժանանալ, այնուամենայնիվ, սա միակ լուսավոր կետն էր այսօրվա նախընտրական քաոսում:

Գավառում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 15 հայ ռազմագերիներ հատել են Հայաստանի սահմանը և գտնվում են Հայաստանում: «Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- ասաց Փաշինյանը և ավելացրեց, որ մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ մենք ականապատ դաշտերի քարտեզ ենք փոխանցել Ադրբեջանին, համապատասխանում է իրականությանը, բայց ոչ թե քարտեզները փոխանակվել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով են պատասխանել»:

Գյումրու Տեքստիլագործների ակումբում ընտրողների հետ հանդիպմանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ մենք պետականությունը կորցնելու վտանգի առջև ենք։ Եկեղեցին իշխանության դեմ է, ուսումնական հաստատությունները իշխանության դեմ են, դատարաններն ամբողջությամբ բոյկոտում են Նիկոլի իշխանությանը, չկա մի համակարգ, որը իշխանության կողքին կանգնած լինի։ Սա է պետականության կորուստը։ Եվ սա ցավալիորեն շարունակվում է և շարունակվելու է արագացված տեմպով, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության:«Մեր պետականությունն էսօր ցեցը կերել է։ Եվ մենք հիմա կանգնած ենք մի ճամփաբաժանի առաջ, որ ժողովուրդը կամ տեր պիտի կանգնի մեր պետականության մնացորդներին կամ մենք ոչնչով լավը չենք, քան քրդերը, քան ասորիները, որոնք չկարողացան պետություն ստեղծել, չունեն պետություն»,- ասաց Արամ Մանուկյանը։

ՀԱԿ-ի պատգամավորի մեկ այլ թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Շատերը Նիկոլ Փաշինյանին՝ ձախողված, անմեղսունակ ղեկավարին այսօր աջակցում են բացառապես մի պատճառաբանությամբ, որ հանկարծակի էս հրեշը չգա իշխանության Հայաստանում։ Եվ ճիշտ են ասում, ի՞նչ ենք տեսել, տեսել եք կոռուպցիոն համակարգի՝ վերևից վայր սիրուն աշխատող կազմակերպված համակարգի հոգևոր հայր, նա էր ստեղծողը»,- ասաց Զուրաբյանը և հայտարարեց, որ Հայաստանում մաֆիոզ կառավարման հոգևոր հայրը Ռոբերտ Քոչարյանն էր, գլխավոր ճարտարապետը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տաշիրում իր համակիրներին ասել է՝ նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ։ Ամենից լավը կարելի է մի լավ չախոբիլի սարքել նապաստակից, ուրիշ բանի պիտանի չի: «Սիրելի՛ ժողովուրդ, հիմա ընտրությունը արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է։ Հիմա ընտրությունը՝ ճգնաժամ ունենալն է, թե թռիչքաձև տնտեսական աճի ցանկությունն է։ Մենք գալիս ենք մեկ նպատակով։ Մենք գալիս ենք՝ անելու ամեն ինչ՝ ձեր հոգսերը թեթևացնելու համար, ճանապարհները վերանորոգելու համար։ Դուք կտեսնեք, որ շատ արագ այս ճանապարհն այս վիճակում չի լինելու։ Ես չեմ ուզում այս իշխանություններից խոսալ, որովհետև սրանք պրծած են, էլ չկան, գոյություն չունեն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ հանգստություն է բերելու, իրենք մերժում են վենդետաները, յուրաքանչյուր բաժանում՝ սևեր ու սպիտակներ, հներ ու նորեր․․․

Սպիտակում էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այսօրվա իշխող կառավարությունը երկիրն ավերակների է վերածում, իսկ իրենք իշխանության են գալիս մեկ կարևոր նպատակով՝ վերականգնել երկրի անվտանգությունը, պաշտպանել երկրի սահմանները և ապահովել տնտեսական վերելք Հայաստանի համար, կանխել արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր և ապահովել ձեզ բոլորիդ բարեկեցիկ կյանքով: «Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ չեմ հանդիպել: Մեկ հանդիպում վերջերս եմ ունեցել, բայց այսօր զանգվածը շատ ավելի մեծ է: Ես շատ շնորհակալ եմ, որ չեք մոռացել այն աշխատանքները, որոնք այստեղ կատարվել են: Սիրելի սպտակցիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը համակիրների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ալիևը վերելակային հանդիպման ժամանակ մատի վրա ֆռռացրել է այս տհասին, և այդ օրվանից սկսվեց Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Սևան քաղաքում հայտարարել է, որ եթե Փաշինյանը չլիներ, կռիվ չէր լինի: «Մենք միշտ ընտրում ենք մարդկանց, որոնք ի վիճակի չեն կառավարել, և այսօր նույն բանն ուզում ենք անել»,- ասել է Արա Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում կրկին խոսեց հոգևորականների մասին՝ ասելով, որ շատ նեղ շրջանակի՝ ղեկավար կազմի հոգևոր էլիտայի մի շարք ներկայացուցիչները վերջին տարիների ընթացքում ամեն ինչ արել են կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ձախողելու համար: «Մեզ այսօր ասում են, որ ուզում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցու ավանդական արժեքները, ո՛չ, այդ արժեքները վարկաբերում են կոռումպացված հոգևորականները»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի Սևանում արած հայտարարության վերաբերյալ ասաց, որ Փաշինյանը հետևողական թշնամություն է մտցնում ժողովրդի մեջ: Պատերազմ է հայտարարել ժողովրդի այն հատվածին, որը փորձում է մաս չդառնալ իր դավաճանությանը. «Մեկ անգամ ևս կոչ ենք անում այդ խելագար դավաճանին հեռու մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց, հեռու մնալ հայ հոգևորականից, հեռու մնալ մեր ազգային արժեքներից»:

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես անդրադարձել է թեմային. «Ուրիշի աչքի շյուղը տեսնելու փոխարեն, թող իրենց աչքի մեջի գերանը տեսնի։ Ինչպես այս երեք տարիներին որոշակի իմաստով թիրախավորվել է Եկեղեցին՝ բոլոր առումներով, նույն վիճակն էլ հիմա է՝ ավելի խտացված գույներով։ Խորհուրդ կտայի, որ նույն հոխորտանքով և նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին։ Ասելիքս սա է, չեմ ուզում մեկնաբանել իրենց ասածները»:

Ամենից շատ դիտված