«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարաել է, որ Ադրբեջանից տասնհինգ գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է. մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Նա չբացառեց, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձի գործընթացն, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով։ Անդրադառնալով քարտեզնի հանձման հարցին՝ Փաշինյանը փաստեց. «Մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, այդ ականադաշտերը մեզ և նրանց արդեն չեն բաժանում։ Դա իրանց թիկունքում է։ Մենք իրենց թիկունքի քարտեզները տվել ենք, բայց էլի ոչ թե փոխանակության համար: Եվ երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, դուք պատրաստ եք քայլ անել, եթե իրենք քայլ անեն, ես ասացի՝ այո, մենք պատրաստ ենք»։ Ի՞նչ քայլ եք պատրաստ անել։ Ես ասացի, որ մեր ունեցած քարտեզների մի մասը կտանք: Ընդ որում, ես ասում եմ, որ մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք այդ քարտեզներից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը դադարեցրել է քարտեզների տրամադրումն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարեցրել է հայ գերիների վերադարձի գործընթացը։
Քարտեզների հանձման և ռազմագերիների վերադարձման խնդրի մասին խոսել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել. «Նրանք դժոխքի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է»: Սերժ Սարգսյանը նշեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ այն է, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Ինչ իմացել են, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է: «Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47: Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի:
Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր կառավարման ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել: Սարգսյանը նշել է՝ քանի որ աշխատել է այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում է՝ Հայաստանի որևէ իշխանություն անկլավների վերաբերյալ հարց չի քննարկել: «Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա, մի անգամ մի բան պետք է ցույց տա, թե՞ չէ»,- ասաց նա և կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ցույց տալ փաստաթուղթ, թե երբ են բանակցություններ ընթացել անկլավների մասին։ «Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա, այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն հինգ հազար զոհ կա, այդ թվում՝ քո երեխան։ Ախր թող հլը փորձի դրանց պատասխանը տա, հետո սկսի բանակցություններ վարել»,- ասել է Սարգսյանը:
Սարուխան համայնքում էլ ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ այսօր էլ պատասխանատվություն է զգում զինծառայողների անվտանգության համար։ «Սրանց քշելուց հետո առաջին քայլը պետք է լինի մեր զինված ուժերի վերականգնումը, սահմանների պաշտպանության ապահովումն ու ամրապնդումը, մարտունակության բարձրացումը»,- նշել է Սարգսյանն ու ընդգծել, որ զինվորականները պետք է իմանա, որ իրենց մեջքին պետություն կա, իրենք բոլոր առումներով պաշտպանված են և ինչ էլ իրենց հետ լինի՝ մենք իրենց կողքին ենք լինելու։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով բնակիչներից մեկի այն հարցադրմանը, թե ի՞նչ է անելու նախկին նախագահը սորոսական բոլոր օֆիսների, լրատվամիջոցների և այն մարդկանց հետ, որոնք դրսից պատվեր են ստանում, հայտարարեց, որ իրենց իշխանության գալու դեպքում, իր բնորոշմամբ, սորոսական գրասենյակների գործունեությունը կամ արգելվի, կամ խիստ սահմանափակումների կենթարկվի։ Քոչարյանի խոսքով՝ այդ գրասենյակների գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի։ «Կան օրենքներ, նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում նման հարցերով զբաղվելու պարագայում։ Եվ մենք ուղղակի օրենսդրական դաշտ ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։ Երկու մոդել կա. մեկը արգելում ես, մյուսը՝ անվանում ես, որ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ, այսպես, այլ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, նաև վերահսկողության տակ կհայտնվեն։ Սա է մոդելն այլ երկրներում, որն այսօր կիրառվում է։ Այստեղ նոր բան հորինել պետք էլ չէ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Իջևանցիների հետ հանդիպման ժամանակ էլ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ երբ իրեն հարցնում են՝ ունի՞ նա պլան Բ, պատասխանում է՝ պլան Բ-ն աշխատանքն է հունիսի 21-ից սկսած: Ռոբերտ Քոչարյանը յուրահատուկ համարեց այս ընտրությունները և նկատեց, որ այս իշխանությունը ոչինչ չի խոսում այն ժամանկահատվածի մասին, որի համար պատասխանատու է: Նա նաև այս վիճակն ունիկալ համարեց: «Մենք մուրճով, չգիտեմ ինչով բաներ չենք անում: Մենք կապիկություններ չենք անում»,-ասաց նա ի պատասխան Փաշինյանի՝ մուրճով ելույթին, որտեղ նա հայտարարում է, որ մուրճը կարևոր սիմվոլ է. «Ում պետք է կմխենք, ում պետք է կհանենք»:
Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ պատերազմի ընթացքում անգրագետ կառավարման պատճառով ունեցանք պարտություն, հիմա էլ պարտված իշխանությունների՝ երկրի ղեկին գտնվելու հետևանքով ամեն օր գտնվում ենք պարտադրված թելադրանքի ներքո։ Նա նշեց, որ սպառնալիքները կամաց-կամաց ոչ միայն Սյունիքում են, Սևանի ավազանում են, այլև գալիս, մոտենում են Տավուշին։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախը Հայաստանի և սփյուռքի աջակցությամբ ստիպված էր կռվել երկու ճակատով։ Խորհրդային Միության կողմնակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ճանապարհները, շրջաններն իրար կապող ենթակառույցները, ճանապարհները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Որտեղ էլ դրանք չկային, բնակավայրեր կառուցվեցին։ Արցախյան պատերազմի ժամանակ դրանք վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ «Իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշում ընդունեցին ներքին այդ օջախները վնասազերծել, որ հեշտ լինի կռվել մեկ՝ արտաքին ճակատով, և մենք ունեցանք հաղթանակ»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ հիմա այնպես է ստացվում, որ Տավուշի մարզում այդ կարևոր ճանապարհները, օրինակ՝ Իջևանից դեպի Բերդ կամ Իջևանից դեպի Նոյեմբերյան տանող Ազատամուտի կամ Ոսկեպարի հատվածում «այս իշխանությունների ասելով՝ պետք է անցնեն Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական բնակավայրեր են եղել։ Օհանյանի խոսքով, իրենք դա թույլ չեն տալու, որովհետև հունիսի 21-ից ներկա իշխանություններն այլևս «չեն լինելու»։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նոյեմբերյանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ոչ մեկի առջև ծունկի չենք գալու, Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած։ «Յուրաքանչյուր բարձունք Նոյեմբերյանում արյունով է պատված, մենք դրանք արյունով ենք վերցրել, ես հիշում եմ մի պահ, երբ այստեղ Ռազմիկ Վասիլյանն էր հրամանատար, մեր գնացքը ադրբեջանցիների կողմից շրջափակվել էր, վախեցնում էին ժողովրդին, մենք, ամբողջ Նոյեմբերյանը հավաքվեց, մոտ 200 մարդ մտան Սադախլու, միջանցք ստեղծեցին, բոլորին այդտեղից վռնդեցին, մի մարդ չտուժեց դրանից։ Մենք եղել ենք վստահ, ուժեղ, մեզանից էին վախենում, մենք իրենցից չէինք վախենում, հիմա չգիտես, թե ինչու վախեցնում են՝ կռիվ կսկսվի, թող սկսվի, բայց նախ չի սկսվի, եթե կսկսվի՝ թող սկսվի՝ կտեսնենք ։Ոչ մեկ չի ուզում պատերազմ, առավել շատ նրանք՝ ովքեր կռվել են, ով գիտի՝ ինչ է արյունը, իսկ ով չի կռվել, ով բանակում չի ծառայել, իր համար մեկ է»,- իր ելույթում ասաց գեներալ-գնդապետը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ: «ԼՀԿ-ն գտնում է, որ ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի, և փաստաթղթում նշված է, որ կողմերը գնում են ապաշրջափակման: Ահա, մենք այստեղ ենք ասում՝ ինչու եք դուք ուզում առանձին, սուվերեն ճանապարհ, երբ կողմերը պարտավորություն են ստանձնել ապաշրջափակման: Էս իմաստով մենք կարծում ենք, որ մինչև ՀՀ օրենսդրությունը ամբողջությամբ չվերանայվի և չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան: Այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է միջնորդավորված կամ ուղղակիորեն կարողանան Հայաստանից գույք, հող, արժեթղթեր կամ ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել»,-նշել է Մարուքյանը: