Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու և ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հեռացնելու դեմ։
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ արցախցիները Ադրբեջանում չեն ծնվել, հետևաբար իրենց անձնագրերում այդ երկրի անվան նշումը համարում են անընդունելի։
Նրա խոսքով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրությանը մոլորեցնող տեղեկություններ է ներկայացնում, քանի որ խնդիրը միջազգային չափանիշները չեն, այլ Հայաստանի իշխանությունների ներքին որոշումը։
Իսրայելյանը նաև ընդգծել է, որ արցախահայության՝ Արցախում ապրելու և ինքնորոշման իրավունքները ճանաչված են ՄԱԿ-ի կողմից, իսկ արցախյան տեղանուններով այլ երկրներ մեկնելու հարցը նախկինում խնդիր չի եղել։
Նա պնդել է, որ անձնագրերում «Ադրբեջան» նշելու պահանջը Ադրբեջանի հերթական պահանջն է, որն, իր գնահատմամբ, կատարում են ՀՀ իշխանությունները։