Լրագրող Դավիթ Գրիգորյանը հանրային հարթակում բարձրաձայնել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող վճարների հաշվարկման մեխանիզմների խնդրի մասին՝ նշելով, որ իր սպառման վճարի մեջ կատարվել է անհիմն հավելագրում։
Լրագրողի հրապարակած տեսանյութը մեծ արձագանք է գտել համացանցում՝ հավաքելով հարյուրավոր դիտումներ և հազարավոր մեկնաբանություններ նմանատիպ խնդրի բախված քաղաքացիների կողմից։ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ ամսական կտրվածքով իր ջրի վարձը սովորաբար կազմել է 7500-8000 դրամ, սակայն վերջին հաշվարկով ծանուցում է ստացել գրեթե 14 000 դրամ պարտքի մասին։
Լրագրողը փորձել է տեղում պարզել իրավիճակը, սակայն պարզվել է, որ տվյալ հատվածը սպասարկող տեսուչ չկա։ Դրանից հետո նա փորձել է կապ հաստատել ընկերության 1-85 թեժ գծի հետ, ինչը, նրա բնորոշմամբ, ապարդյուն է եղել, քանի որ զանգերին չեն պատասխանել։
Միայն հանրային մեծ աղմուկից և բողոքի հազարավոր մեկնաբանություններից հետո «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուներից մեկը կապ է հաստատել լրագրողի հետ և պարզաբանել, որ գումարն ավելացել է նախորդ ամսվա պարտքի հաշվին։
«Միջինացված հաշվարկի» պարադոքսը Դավիթ Գրիգորյանը տարակուսանք է հայտնել ներկայացված պարզաբանման վերաբերյալ՝ ընդգծելով, որ հոկտեմբեր ամսվա ուղիղ կեսը՝ երկու շաբաթ, ընտանիքով տանը չի եղել, հետևաբար՝ չէր կարող նման ծավալի ջուր սպառել։
Լրագրողը ներկայացրել է համակարգի աշխատանքի տրամաբանությունը, որը, ըստ նրա, անտրամաբանական է:
«Վեոլիան ուղղակի ինչ-որ միջինացված գումար է դուրս գրում որպես պարտք։ Եթե, օրինակ, հուլիս ամսին օգտագործել եք 10 000 դրամի ջուր, իսկ դրանից հետո 6 ամիս շարունակ տեսուչը նույնիսկ ձեր շենքի մոտով չի անցել, ընկերության ավտոմատացված համակարգը շարունակելու է գանձել միջինացված 10 000 դրամ։ Համակարգը համարում է, որ դա ձեր միջին սպառումն է, և կապ չունի՝ իրականում այդքան ծախսել եք, թե ոչ։ Եթե անգամ ջուրը փակել ու գնացել եք այլ երկիր, միևնույն է՝ ընկերությունը համարելու է, որ բաժանորդը տեղում է և սովորականի պես ջուր է օգտագործում»,- նշում է Գրիգորյանը՝ հավելելով, որ 6 ամիս առաջ ուղարկված ցուցմունքը հիմք է դառնում հետագա բոլոր ամիսներին նույն թիվը դուրս գրելու համար։
Հրապարակման մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ բաժանորդներ կիսվել են իրենց պատմություններով՝ փաստելով, որ խնդիրը համատարած բնույթ է կրում։
Քաղաքացիներից մեկը գրել է. «Սեպտեմբերին 25 հազար դրամ ջրի վարձի ծանուցում է եկել, այսօր էլ պարզվեց՝ հոկտեմբերին 30 հազար է եկել։ Ամբողջ ձմեռ 150 քմ տարածքում ապրում ենք, բայց այդքան գազի վարձ չեմ վճարում, որքան ջրի երկու ամսվա գումարն է։ Երեք հոգով ենք ապրում՝ առավոտյան գնում ենք, երեկոյան՝ գալիս, նախկինում անգամ 4000 դրամ չեմ հիշում, որ երբևէ վճարած լինեմ»։
Հանրային դժգոհության ալիքը ցույց է տալիս, որ բաժանորդները պահանջում են վերանայել հաշվառման կարգը և ապահովել իրական սպառմանը համապատասխան վճարումների գանձումը։
Հասմիկ Մովսիսյան