Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 18:57 17-11-2026

Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե մայրաքաղաքում խցանումները թեթևացնելու համար երեխաները պետք է հաճախեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ, սուր քննադատության է արժանացել թե՛ քաղաքացիների, և՛ թե կրթության ոլորտի մասնագետների կողմից։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նախաձեռնությունը որակել է անընդունելի՝ ընդգծելով, որ չի կարելի կշեռքի նույն նժարին դնել կրթության իրավունքն ու տրանսպորտային խցանումները։

Փորձագետը նախ հիշեցրեց ամիսներ առաջ քաղաքապետի արած մեկ այլ առաջարկի՝ դասերի սկիզբը 15-30 րոպե շուտ տեղափոխելու մասին։ Ըստ Մխիթարյանի՝ այդ քայլը ոչ միայն չլուծեց երթևեկության ծանրաբեռնվածության հարցը, այլև ունեցավ հակառակ ազդեցությունը, և խցանումներն ավելի շատացան։

«Նժարի վրա եթե դնենք կրթությունը և Երևան քաղաքում խցանումները, ապա դրանք ուղղակի անհամեմատելի բաներ են։ Որևէ խելացի, գրագետ մարդու, մտավորականի մտքով չի կարող անցնել կշեռքի մեկ նժարին դնել կրթությունը, մյուսին՝ խցանումների հարցը։ Այն մարդիկ, որոնք նման հարցեր են բարձրացնում, դա նշանակում է, որ նրանց համար կրթությունը առնվազն հավասար է խցանումներին, ինչը ծիծաղելի է։ Եվ սա է պատճառը ու այդ վերաբերմունքը, որ Հայաստանում գնալով կրթության որակը անկում է ապրում, և տարածվում է անգրագիտությունը»,- նշեց փորձագետը։

Փորձագետն անդրադարձել է նաև աշխատող ծնողների խնդրին։ Շատ ընտանիքներ երեխային տանում են իրենց աշխատավայրին մոտ գտնվող դպրոց, որպեսզի կարողանան առավոտյան երեխային ուղեկցել դասի, իսկ աշխատանքից հետո՝ անվտանգ տուն տանել։

Մխիթարյանի խոսքով՝ տարրական դասարանների աշակերտներին տան մոտակա դպրոց պարտադրելը խաթարելու է կրթական գործընթացը, քանի որ դասերից հետո փոքր երեխաները մնալու են առանց վերահսկողության և կանգնելու են փողոցն անցնելու վտանգի առաջ։

«Ավելի լավ է հեռու մնաք կրթության համակարգից։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ թողեք կրթության համակարգը ինքն իր յուղով տապակվի։ Այնտեղ արդյունավետ լուծում պահանջող արդեն իսկ շատ խնդիրներ կան․ ինչո՞ւ եք ավելացնում այդ խնդիրները և լրացուցիչ խոսակցություններ ստեղծում, որոնք բնավ չեն նպաստում կրթության զարգացմանն ու որակի բարձրացմանը»,- նշեց Մխիթարյանը։

Փորձագետը ընդգծեց, որ Երևանի խցանումները պայմանավորված են ոչ թե դպրոցականների տեղաշարժով, այլ քաղաքաշինական սխալներով ու անկանոն կառուցապատումներով։ Նա նաև կարծիք հայտնեց, որ նման նախաձեռնությունները կարող են պայմանավորված լինել առանձին պաշտոնյաների կամ հայտնի անձանց՝ խցանումների վերաբերյալ հրապարակային դժգոհություններով, ինչի պատճառով փորձ է արվում վերաձևել ողջ կրթական համակարգը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)