Մամուլ 11 ժամ առաջ - 07:38 14-11-2026

Կասկածյալը պատերազմից հետո է հոգեկան խնդիրներ ձեռք բերել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի հարակից Լեմկինի փողոցում դանակահարվեց 29-ամյա Էրիկ Կակոյանը, ով նոյեմբերի 8-ին հիվանդանոցում մահացավ։ Իսկ նրա սպանության մեջ կասկածվողը 44-օրյա դաժան պատերազմից հետո է հոգեկան խնդիրներ ձեռք բերել։

Սպանության մեջ կասկածվողը 44-օրյա պատերազմի մասնակից Վալերի Հակոբյանն է։ Ըստ հրապարակած տեղեկությունների՝ նա հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդի մոտ հոգեկան առողջության խնդիրներն ի հայտ են եկել պատերազմից հետո՝ 2024 թվականի հուլիսի 4-ին։ Սակայն հաշվառված լինելը դեռ չի նշանակում հնարավոր վտանգների չեզոքացում:

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրը միայն բուժման որակը չէ, այլև ծառայությունների սահմանափակ կարողությունները։ Այդ կենտրոններում պարբերաբար ազատ տեղեր չեն լինում, որի արդյունքում բուժհաստատությունում բուժում ստանալուց հետո մարդիկ կարող են կրկին դուրս մնալ շարունակական հսկողությունից, ընդհատել դեղորայքը և նորից հայտնվել սրման վիճակում։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն բավարար բուժական տեղեր ու կենտրոններ չունի, այլև չի ստեղծել այնպիսի համակարգ, որը հիվանդին բուժումից հետո մենակ չթողնի նրան:

Իսկ կոնկրետ այս պատմության մեջ ամենասարսափելին միայն ողբերգական դանակահարությունը չէ, որը կատարվել է Աստծո անունը տալով։ Այլ այն հարցը, թե որտե՞ղ էր պետությունը, երբ պատերազմի մասնակից երիտասարդը հոգեկան առողջության խնդիրներ էր ձեռք բերում։ Ո՞վ էր հետևում նրա բուժմանը, ո՞վ էր գնահատում ռիսկերը, ո՞վ էր պատասխանատու, որ նա ստանա անհրաժեշտ երկարաժամկետ բուժօգնությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ միայն զինվորին պատերազմ տանելու հարցում է պատասխանատու, այլև՝ դրանից հետո՝ նրա առողջության համար:

Ինչ է ստացվում. մեր երկրում գումար ու ահռելի միջոցներ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի համերգի, «Ֆեստիվառների», փառատոնների, հեծանվավազքի և վարչապետի գավաթի համար։ Իսկ հոգեկան առողջության կենտրոնների ընդլայնման, նոր հաստատությունների կառուցման, մասնագետների ներգրավման և պատերազմից վերադարձած զինվորների երկարաժամկետ վերականգնման համար քաղաքական կամք չկա:

Էրիկ Կակոյանն էլ այլևս չկա։ Նրա ընտանիքի համար սա անդառնալի կորուստ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց

Ձեզ գուցե հետաքրքրի