«Փաստ» թերթի տեղեկություններով, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերջին օրերին ակտիվացրել է աշխատանքը շվեյցարական քաղաքական շրջանակների հետ՝ պաշտոնական նամակներ ուղարկելով ինչպես Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներին, այնպես էլ Համադաշնության նախագահ Գի Պարմելինին: Նախաձեռնության նպատակը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնության գործնական մեկնարկին հասնելն է:
Խոսքը 2025 թվականի մարտին Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված № 24.4259 նախագծի (Motion 24.4259) մասին է, որով նախատեսվում էր միջազգային վերահսկողության ներքո ստեղծել առանձնացված բանակցային հարթակ և սկսել անմիջական երկխոսություն Արցախի հայերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով նրանց հավաքական ու անվտանգ վերադարձի երաշխիքները։ Ինչպես տեղեկացանք, նախագծի իրականացման համար սահմանված մեկամյա ժամկետն ավարտվել է դեռևս 2026 թվականի մարտին, սակայն Դաշնային խորհրդի կողմից մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այս ձգձգումն է պատճառ դարձել, որ «ՀայաՔվեն», ողջունելով 18 շվեյցարացի խորհրդարանականների ջանքերը, զուգահեռաբար դիմել է անմիջապես երկրի նախագահ Գի Պարմելինին՝ ակնկալելով, որ նրա հետևողականության շնորհիվ Դաշնային խորհուրդը կհստակեցնի գործողությունների ժամանակացույցն ու կկատարի ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունները։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ «ՀայաՔվեն» պատրաստակամություն է հայտնել համագործակցելու շվեյցարացի գործընկերների հետ՝ գործընթացը դիվանագիտական հայտարարությունների դաշտից գործնական հարթություն տեղափոխելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։