Նուբարաշենի աղբավայրի հրդեհից ավելի քան 1 տարի է անցել, սակայն մինչ օրս ոչ մեղադրյալ կա, ոչ ձերբակալված։
Հիշեցնենք, որ հրդեհի օրերին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն․ «Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»,- ֆեյսբուքյան ուղերձում ասաց Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ հարցի առնչությամբ անձամբ կապ է հաստատել իրավապահ մարմինների ղեկավարների հետ:
Տիգրան Ավինյանի տեսաուղերձի հաջորդ օրը քրեական գործ հարուցվեց վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։
Պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին։
Հարցման մեջ նշել էինք՝ արդյոք իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում պարզվել է որևէ հստակ հանգամանք, և հայտնաբերվել է որևէ կասկածյալ, ով առնչություն ունի աղբավայրի ենթադրյալ դիտավորյալ հրդեհման հետ։ Հարցման պատասխանում կառույցից պաշտոնապես հայտնել են, որ նշված դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է գրության մեջ։
Քննչական կոմիտեից
Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում, և վարույթի շրջանակներում դեռևս չկա որևէ անձ, ով ունի մեղադրյալի կարգավիճակ։
Հասմիկ Մովսիսյան