Oragir.News-ի
հետաքննությունը տվեց իր իրավական արդյունքը.
Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքի աղմկահարույց վտարման գործընթացը պաշտոնապես կասեցվել է, իսկ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ավագ հարկադիր կատարող Հ․ Բեգյանը հեռացվել է համակարգից։
Oragir.News-ում հրապարակված ահազանգերից ու բացահայտումներից հետո պատմությունը ստացավ կտրուկ իրավական հանգուցալուծում։
Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանը
Oragir.News-ին հայտնել է ուրախալի լուրը՝ այն, որ դատարանը Հարկադիրի որոշումը ճանաչել է ապօրինի և կասեցրել այն։ Այսպիսով, 30 տարուց ավելի սեփական տունն ու պապենական հողը շենացրած 9 հոգանոց ընտանիքը, որտեղ կան 3 անչափահաս երեխաներ և ժամկետային զինծառայող, ձմռան շեմին այլևս չի վտարվի։
Oragir.News-ի կողմից հանրայնացված աղմկահարույց
ձայնագրությունից հետո, որտեղ հստակ լսվում էր, թե ինչպես են Հարկադիր կատարման ծառայության պատերից ներս պաշտոնյաները հայհոյում և ծեծի ենթարկում քաղաքացուն՝ «սև շորերով ագռավներ» արտահայտության ու լրատվամիջոցին հարցազրույց տալու համար, կառույցը ստիպված եղավ արձագանքել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի՝ ավագ հարկադիր կատարող Հ․ Բեգյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ընթացող ծառայողական քննությունն այդ հիմքով դադարեցվել է։
Հասմիկ Մովսիսյան