Ներքին Տեսանյութ 44 րոպե առաջ - 18:00 21-10-2026

Լևոնի թվից էստեղ ենք, եկել ա Նիկոլի թիվը՝ վտարում են. Նորագավիթի 9 հոգանոց ընտանիքին զրկում են տանիքից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն ահազանգում է, որ Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է տարածքից վտարել ավելի քան 30 տարի իրենց բնակատեղին շենացրած 9 հոգանոց ընտանիքին։

Հրաչյա Ալեքսանյանը պատմում է, որ իրենց կապն այս հողի հետ տասնամյակների պատմություն ունի. դեռ կոլխոզի ու սովի տարիներին այստեղ աշխատել ու հաստատվել են իր տատն ու պապը։

Ընտանիքը բնակվում է այս հասցեում արդեն ավելի քան 30 տարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից։ Ավելին՝ 2001 թվականից ի վեր ընտանիքը կանոնավոր կերպով իրենց անունով վճարել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, աղբահանության և նույնիսկ ինտերնետի վճարները, ինչի վերաբերյալ առկա են բոլոր փաստաթղթերն ու անդորրագրերը։

Սակայն, չնայած փաստացի երկարամյա տիրապետմանը, նրանք այդպես էլ չեն ստացել կադաստրի սեփականության վկայական։ Իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ շուրջ 40 հեկտար տարածքի վրա հավակնություններ է ներկայացրել «ԷԼԻԶԱ ԵՎ ԳԱՅԱՆԵ» ՍՊԸ-ն, որը բնակիչները կապում են հանրությանը «Կոնդեցի Մակար» անունով հայտնի անձնավորության հետ։

Հրաչյա Ալեքսանյանի փոխանցմամբ՝ ընկերությունն այդ տարածքը տարիներ շարունակ օգտագործել է սեփական բիզնես շահերի համար, այնտեղ խոզանոց կառուցելով և վճարովի հիմունքներով շուրջ 100 000 ավտոմեքենա աղբ ու հող լցնելով, ինչի հետևանքով տարածքը վերածվել է հսկայական աղբանոցի։

Բնակիչը նաև զարմանքով մատնանշում է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո այդ ամբողջ 40 հեկտար հսկայական տարածքի տարեկան գույքահարկը կազմել է ընդամենը 595 դրամ։

Այժմ ընտանիքը կանգնած է վտարման եզրին, ընդ որում՝ Հարկադիր կատարման ծառայության գործողություններում բնակիչները տեսնում են ակնհայտ իրավախախտումներ։ Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով վտարման որոշումը կայացվել է միայն երկու անձի՝ Հրաչյա Ալեքսանյանի և նրա մոր՝ Մարիամ Ավետիսյանի նկատմամբ։

Սակայն, ըստ բնակչի, հարկադիր ծառայության աշխատակիցներն ինքնագլուխ կերպով որոշման մեջ ավելացրել են «այլ անձանց» ձևակերպումը, որպեսզի տարածքից ֆիզիկապես հեռացնեն տանը բնակվող բոլոր 9 անդամներին՝ Հրաչյային, նրա կնոջը, 3 անչափահաս երեխաներին, մորը, քրոջը, եղբորը և բանակում գտնվող զինվորին։

Բնակիչը փորձել է արդարություն գտնել տարբեր ատյաններում։ Նա դիմել է Շենգավիթի թաղապետարան և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն, նրա ձևակերպմամբ, այնտեղ իր խնդրին վերաբերվել են քմծիծաղով և որևէ ընթացք չեն տվել։

Հայտնվելով անելանելի վիճակում՝ Հրաչյա Ալեքսանյանն ուղղակիորեն դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով համակարգային կոռուպցիայի մասին. «Դատավորներին առել են, սաղ սարքած ա, ոչ մի օրինական թուղթ չունեն։ Լևոնի թվից ստեղ ենք, եկել ա Նիկոլի թիվը՝ վտարում են։ Աղետ ա դառնալու, վերանայե՛ք հարցը, պարո՛ն վարչապետ»։

Քաղաքացին զգուշացնում է, որ ընտանիքով պատրաստվում են մինչև վերջ պայքարել սեփական տան համար, և եթե պետական մարմինները հարցին արդարացի ու մարդասիրական լուծում չտան, հոկտեմբերի 30-ին Նորագավիթում մեծ աղետ է տեղի ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա