Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։
Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,2 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։
«Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանը։ Նույն կուսակցությունը Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ համայնքապետի թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը։
Ստեփանավանն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաև Եղեգնաձորում՝ 62,56, և Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։
Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է՝ 25,39 տոկոս։
Ընտրություններն անցել են նաև հնարավոր խախտումների մասին ահազանգերի ուղեկցությամբ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 407 ընտրատեղամաս այցելելու ընթացքում 137-ում արձանագրել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների 217 դեպք։ Դրանց թվում են կուտակումները, քվեարկության գաղտնիության խախտման ռիսկերն ու ընտանեկան քվեարկության դեպքերը։
Ընտրություններից մեկ օր առաջ էլ մի շարք համայնքներում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց աջակիցների ձերբակալությունների մասին տեղեկություններ էին տարածվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով կան ձերբակալվածներ՝ առանց հստակեցնելու նրանց ինքնությունը: