Ուղիղ եթեր
Արտաքին 44 րոպե առաջ - 13:47 15-10-2026

Ստամբուլում ուժեղ տեղատարափը հեղեղումներ է առաջացրել․ երկու մարդ մահացել է

Ստամբուլում տեղացած ուժեղ անձրևները հեղեղել են բնակելի և գրասենյակային շենքերը՝ ճանապարհներին և ստորգետնյա անցումներում հսկայական ջրափոսեր առաջացնելով։

Չորեքշաբթի Ստամբուլը ցնցվեց ուժեղ տեղատարափ անձրևից։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա 1985 թվականից ի վեր ամենաուժեղ անձրևներից մեկն էր։ Ստամբուլի ասիական կողմի Բեյքոզ շրջանում տեղումների քանակը կազմել է 255.8 միլիմետր։ Փողոցները հեղեղվել են։

Ստամբուլի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ քաղաքի եվրոպական կողմում գտնվող Էյուփսուլթան շրջանում գրանցվել է 195.9 միլիմետր տեղում, իսկ Սարըյերում՝ 195.6 միլիմետր։ Մյուս շրջաններում տեղումների քանակը տատանվել է 35-ից մինչև 110 միլիմետր։

Անձրևը ողողել է բնակելի և գրասենյակային շենքերը: Ճանապարհներին և ստորգետնյա անցումներում հսկայական ջրափոսեր են առաջացել: Հրշեջներին հաջողվել է փրկել նկուղում մնացած տղամարդուն տեղատարափ անձրևի ժամանակ: Անցորդները նույնպես ցուցաբերել են հմտություն և քաջություն՝ կարողանալով դուրս քաշել փողոցով հոսող ջրի հեղեղի մեջ մնացած կնոջը:

Այազագա (Սարյեր) շրջանում 34-ամյա Ս.Յ.-ն փորձել է տան դիմացով անցնել ճանապարհը։ Ջրի առվի միջով անցնելիս նա սայթաքել է և գլուխը հարվածել մայթեզրին։

Ս.Յ.-ն չի կարողացել դուրս գալ ճանապարհին առաջացած խորը ջրափոսից, անցորդները նրան օգնության են հասել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ նրան փրկել չի հաջողվել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Ֆաթիհի Բալաթ շրջանի Չուկուրբոստան այգում 14-ամյա տղան հոսանքահարվել է՝ ջրափոսի մեջ ոտք դնելուց հետո։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Վերակենդանացման ջանքերին հակառակ՝ նա մահացել է։
Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։