Արտաքին 47 րոպե առաջ - 23:45 14-10-2026

Լավրովն ու Վան Ին քննարկել են Իրանի և Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև ուկրաինական և իրանական ճգնաժամերի շուրջ իրավիճակը։

Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ՝ Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում նախարարների բանակցությունների արդյունքներով։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև ուկրաինական և իրանական ճգնաժամերի շուրջ իրավիճակին։

«Սերգեյ Լավրովը չինացի գործընկերոջը փոխանցել է «Գեբելսի ժառանգները․ Բուչայի իրադարձությունների կեղծում և Կիևի վարչակարգի արյունալի բեմադրություններ» զեկույցը։

Այն պատրաստել է Միջազգային հանրային տրիբունալը՝ Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Մաքսիմ Գրիգորևի գլխավորությամբ։ Զեկույցը նվիրված է Կիևի վարչակարգի տարածած այն կեղծ տեղեկությունների բացահայտմանը, թե իբր Բուչայում կոտորած է տեղի ունեցել»,- հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Կողմերը հաստատել են, որ միջազգային հարցերի շուրջ Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են։

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման դինամիկան՝ հաշվի առնելով այս տարի Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակը։

Սերգեյ Լավրովն ու Վան Ին քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցերը՝ շեշտը դնելով երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարների մակարդակով առաջիկա մի շարք միջոցառումների նախապատրաստման վրա»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ բանակցություններն անցել են ռուս-չինական հարաբերություններին բնորոշ վստահության և կառուցողականության մթնոլորտում և հաստատել քննարկված հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումների մոտ կամ համընկնող լինելը։