ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին հաստատել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ ներկայացված մեղադրանքների թարմացված տարբերակը։ Նրանց մեղադրում են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ։
«Մեղադրյալներ Նիկոլաս Մադուրոն և Սիլիա Ֆլորեսը … դիտավորյալ և գիտակցաբար համաձայնության են եկել, միավորվել և համակարգել իրենց գործողությունները՝ օրենքի քողի ներքո մեկ այլ անձի … բարոյական և ֆիզիկական տառապանք պատճառելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։
Դատախազության պնդմամբ՝ այդ գործողությունների նպատակներից մեկը եղել է «քաղաքական ընդդիմության ճնշումն ու պատժումը, այլակարծության ճնշումը, ինչպես նաև դավադրության մասնակիցների իշխանության և լիազորությունների պահպանումը»։
Բացի խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեղադրանքից, Մադուրոյին և Ֆլորեսին առաջադրվել է ևս չորս մեղադրանք՝ ավտոմատ հրազեն և պայթուցիկ սարքեր պահելու երկու մեղադրանք, թմրանյութերի մաքսանենգություն և «թմրանյութային ահաբեկչության նպատակով դավադրություն»։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին, ապա ձերբակալել և երկրից դուրս է բերել հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։
Հունվարի 5-ին նրանք ներկայացել են Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան։ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ։ Մադուրոն և Ֆլորեսը մեղավոր չեն ճանաչել իրենց։
Վենեսուելայի նախագահի լիազորությունները ներկայում իրականացնում է Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր գործադիր փոխնախագահի պաշտոնը։