Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկում սահմանին հարակից բնակիչների շրջանում անվտանգության հարցը շարունակում է մտահոգիչ մնալ։ Գյուղի 58-ամյա բնակիչ Գևորգ Վարդանյանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը և ասում է՝ Թուրքիայի հետ խաղաղ համակեցության վերաբերյալ խոստումներին չի հավատում։
Ախուրիկցի տղամարդը հուզմունքով է հիշում իր ընտանիքի անցած ճանապարհը՝ նշելով, որ ընտանիքի անդամներից մի քանիսը ժամանակին մազապուրծ են փախել թուրքերի ձեռքից։
«Երեկ Շաքի մտան, վաղը զինված մեր տներն են մտնելու, որ սահմանը բացվի։ Մի քանի տուն է մնացել, դրանք էլ կդատարկվեն։ Թուրքը մնում է թուրք, պետք չէ նրանց հավատալ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գևորգ Վարդանյանը։
Արցախյան պատերազմների մասնակից 58-ամյա տղամարդը ներկայում հաշմանդամություն ունի․ նրա երկու ոտքերն ու ձեռքերը ամպուտացված են։
Նա ասում է՝ սահմանին ապրող մարդկանց համար անվտանգության հարցը պարզապես քաղաքական քննարկման թեմա չէ, այլ առօրյա կյանքի ու սեփական տան անվտանգությանը վերաբերող խնդիր։ Վարդանյանի խոսքով՝ գյուղում մարդիկ տարիներ շարունակ ապրել են սահմանամերձ բնակավայրին բնորոշ դժվարություններով, իսկ սահմանին տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում անմիջական ազդեցություն է ունենում իրենց կյանքի վրա։
Նա համոզված է, որ սահմանների բացման դեպքում Ախուրիկի նման սահմանամերձ գյուղերում բնակչության արտահոսքի վտանգը կարող է ավելի մեծանալ։
«Մի քանի տուն է մնացել, դրանք էլ կդատարկվեն»,- ասում է նա՝ մտահոգություն հայտնելով, որ գյուղի բնակչության նվազումը կարող է շարունակվել։
Ախուրիկը գտնվում է հայ-թուրքական սահմանին մոտ։ Գյուղի բնակիչների համար սահմանային իրավիճակն ու անվտանգության հարցերը տարիներ շարունակ առօրյա կյանքի կարևորագույն խնդիրներից են։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան