Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Թե որտեղ կանցկացվի «3+3»-ի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ նիստը, այժմ պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ Մենք պատրաստ ենք գործընկերներին ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն»,- ասել է դիվանագետը։
Ըստ Կալուգինի՝ ձևաչափի շրջանակում համագործակցությունն ընդլայնվում է։ Հունիսին ՊՄՏՀ-ի շրջանակում գործարկվել է «3+3» փորձագիտական «ուղի»-ն՝ բոլոր վեց երկրի, ներառյալ՝ Վրաստանի, քաղաքագետների մասնակցությամբ։
Բացի դրանից, հոկտեմբերին Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը, որը նվիրված կլինի էներգետիկ համագործակցության հարցերին, հայտնել է դիվանագետը։
«3+3» ձևաչափը, որը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, առաջարկվել է 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու, սակայն վերջինս առայժմ չի միացել հարթակի աշխատանքներին։