6 օր է անցել Սիսիանի դիրքերում պայթյունի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող 23-ամյա Դմիտրի Կյուրեղյանի մահվանից, բայց գյուղում մարդիկ դեռևս չեն հավատում տեսածին, չեն ուզում հավատալ Դմիտրի մահվան վերաբերյալ շրջանառվող ինքնասպանության վարկածին։
Դմիտրիի հարազատները միաբերան պնդում են, որ կատարվածը սպանություն է, բայց իրենց ներկայացնում են որպես ինքնասպանություն։
«Քթի վրա կապտուկ կար, դա խփած էր, կրեմով թաքցրել էին։ Իր քթի կապույտը անհնար էր չնկատել։ Գլխի հատվածում վերք կար։ Ես կուզեմ հասկանալ, թե ինչն էր պատճառը, որովհետև ես գիտեմ, որ իմ տղան չէր կարող ինքնասպանության դիմել»,-
Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Դմիտրիի մայրը՝ Լիլիթ Ներսիսյանը։
23-ամյա զինծառայողի մայրն ասում է, որ նախքան իրենց հետ այս դժբախտությունը, միշտ մի հարց է տանջել, թե ինչու են բանակում լինում ինքնասպանության դեպքեր. «Ամեն անգամ, երբ լսում էի ինքնասպանությունների մասին, մտածում էի՝ ինչի՞ է զինվորը ինքնասպան եղել, կամ եթե ինքնասպան լինող է, ինչի՞ բանակում, չէ՞ որ տուն էլ է գալիս»։
Տիկին Լիլիթի հարցերը շատ են, զայրույթը ևս։ Գիտի, որ իր որդին չէր կարող նման քայլի գնալ, որովհետև սիրելով է ընտրել զինվորականի բարդ ուղին։
«Դմիտրին դեռ չէր ավարտել ժամկետային ծառայությունը, ասաց, որ պիտի «Պաշտպան հայրենյաց» ծրագրին դիմի և շարունակի ծառայությունը բանակում։ Ճիշտն ասած՝ մենք ջղայնացանք, ասացինք, որ 2 տարի ծառայել ու պարտքդ տվել ես։ Ասեց՝ պիտի գնամ, որովհետև սիրում եմ էս գործը։ Մենք էլ ասացինք, որ, տղա ջան, եթե սիրում ես՝ գնա, դա քո գործն է, դու արդեն մեծ տղա ես։ Շատ սիրով, պարտաճանաչ տալիս էր իր զինվորական պարտքը։ Ասում էր՝ բա մեր հայրենիքին ո՞վ պտի տեր էղնի, եթե ես չգնամ, մյուսները չգնան։ Շատ գաղտնապահ էր, տանը ոչ մի բան չէր ասում»,- շարունակում է պայթյունից զոհված զինծառայողի մայրը։
Լիլիթ Ներսիսյանը որդու հետ վերջին անգամ խոսել է դեպքից ժամեր առաջ։
«Ասեց՝ մամ ջան, ինչ կա-չկա, ասեցի՝ հեչ, բալես, ճաշ կեփեմ։ Սմենափոխություն պտի լիներ, ասեցի՝ զգույշ եղիր, կյանքիդ մեռնիմ։ Ասեց՝ մամ ջան, զգույշ եմ։ Ինքը ուրախ էր, որևէ անհանգիստ բան չեմ զգացել։ Դրանից ժամեր անց դեպքը պատահել է։ Երկու տղերքս, որ բարձրանում էին պոստեր, իմ սիրտս միշտ լալիս էր, միշտ ասում էի՝ Աստված ջան, երեխեքս նորմալ տեղ հասնեն։ Վախենում էի, որովհետև կայքերով ինչ ասես տեսնում էի։ Էնքան էի վախենում, որ մտածում էի, թե երբ պիտի լրանա էդ 5 տարին»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սյունիքի զորամասերից մեկում պայթյունից զոհված պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դմիտրի Կյուրեղյանը 23 տարեկան էր։ Նրա կրտսեր եղբայրը՝ Լավրենտ Կյուրեղյանը, ևս պայմանագրային զինծառայող է։ Նշենք նաև, որ բանակում խաղաղ պայմաններում այս 8 ամիսների ընթացքում արդեն 15 զինծառայող է մահացել։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան