ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները:
Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը:
- Որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջերս տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում։ Արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի` դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:
Արդեն երկու օր շրջանառվող լուրը, իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ» «հերթական հերյուրանք» էր որակել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ
Oragir.News-ը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանագծման արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրքեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։