Ներքին 58 րոպե առաջ - 15:00 28-09-2026

Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ջայլամությունը ներխուժել է քաղաքական տիրույթ։ Սեպտեմբերի 27-ին ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները լուռ էին, չգիտեի՞ն՝ ինչ օր է։

Ինչո՞ւ ՔՊ-ականները չհիշեցին պատերազմը, զոհվածներին, պարտությունը և այն ամենն, ինչը կապ ունի 44-օրյայի հետ։

Ասում են, թե խաղաղություն կլինի, երբ պատերազմի մասին մոռանանք։ Սա պարզամտություն է։ Այսպիսի մոտեցումը բնորոշ է անկիրթներին։ Շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանում։ Սատանայի անունը չտալով՝ չարն աշխարհից չի վերանում։

Հակառակ պատկերն է Բաքվում։ Ադրբեջանը նշել է սեպտեմբերի 27-ը, հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել։

Կարելի է ասել, թե Ադրբեջանն այս պատերազմում հաղթել է, իսկ Հայաստանը պարտվել։ Այդ պատճառով Ադրբեջանը շուքով նշում է սեպտեմբերի 27-ը, իսկ Հայաստանը՝ ոչ։ Սակայն սա ազնիվ չէ հազարավոր զոհերի հիշատակի առումով։

Նիկոլ Փաշինյանը 2020-ի սեպտեմբերի 27-ին կոչ է արել կռել ու հաղթել։ Նրա կոչով՝ հազարավոր կամավորներ են մեկնել Արցախ, կռվել, նահատակվել, փառքով պսակել իրենց։ Մի՞թե նրանց հանդեպ ՔՊ-ական բարձրագույն պաշտոնյաները բարոյական պատասխանատվության գիտակցում չունեն։ Զոհվածների հարազատները սփոփանքի խոսքի արժանի չէի՞ն այդ հիշարժան օրը։

ՔՊ-ականները վերաիմաստավորում են Արցախի համար 35-ամյա պայքարը, քաղաքական ռեալությունն անտեսող պատմույթներ են գեներացնում։ Եթե այդքան վստահ են իրենց ասելիքի ողջամտության վրա, ապա թող նույն հիմքով ուղերձներ հղեին նաև Սեպտեմբերի 27-ին։ Ենթադրելի է, որ նրանք պարզապես վախեցել են հանրային բացասական արձագանքներից, և անտրաբանական վերացարկումներ չեն արել այդ օրը, երբ հազարավոր մարդիկ ցավով հիշում էին պատերազմը, Փաշինյանի աղետալի սխալները, զոհերին, հայրենիքի անտեր մնացած մասը։

Մեկ այլ վարկածով ենթադրվում է, որ ՀՀ իշխանությունները սեպտեմբերի 27-ին լռում էին չբարեկամների թելադրանքով։ Տևական ժամանակ է՝ չբարեկամները ջանք են գործադրում աշխարհին ապացուցելու, որ հայ ժողովուրդը սոցիալ-հոգեբանական առումով խեղված է, ոչ համարժեք է արձագանքում քաղաքական ռեալությանը։ Այդ պատճառով է ձևավորում ռուսամետ իշխանություն, որը հակաքաղաքակրթական գործիք է դառնում, հետևաբար՝ այն միջազգային սպառնալիք է։ Ենթադրելի է, որ այս պարագայում չբարեկամները փորձում են տպավորություն ստեղծել, թե Սեպտեմբերի 27-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները լռում են, քանի որ այդպես է ցանկանում ժողովուրդը։ Այսինքն՝ ժողովուրդն այն աստիճան կտրված է ռեալությունից ու բարոյալքված, որ պետության ղեկավարին պատվիրում է չհարգել մի քանի տարի առաջ հայ ժողովրդի ազատության համար կռված ու զոհված հերոսների հիշատակը։

Փաշինյանն ու որոշ ՔՊ-ականներ մի քանի առիթով ասել են, որ 44-օրյա պատերազմում մեր եղբայրներն ու որդիները զոհվեցին, որ Հայաստանն ազատ ու անկախ լինի։ Ինչո՞ւ նույն խոսույթը չզարգացրին երեկ՝ Սեպտեմբերի 27-ին։ Գուցե ազատ, անկախ Հայաստանն այլևս նպատակ չէ՞ նրանց համար։ Եթե նրանք չեն վերանայել իրենց այս մոտեցումը, ապա ո՞վ կամ ի՞նչը թույլ չի տվել այդ մասին խոսել Սեպտեմբերի 27-ին, ցույց տալով աշխարհին, որ հայ ժողովուրդը մանկուրտ չէ, նորմալ, ադեկվատ ժողովուրդ է, ստեղծվել է ազատության համար պայքարով, իր ազատության համար պայքարը համարում է իր գլխավոր առաքելությունը և առիթ բաց չի թողնում աշխարհին հիշեցնելու այդ մասին։ Եվ այսօր էլ ժողովրդի համար ամենամենաթանկն ազատություն է, որի համար էլ Սեպտեմբերի 27-ին ելանք մարտի։

Փաշինյանը բազմիցս է խոստովանել, որ պատերազմից առաջ և ընթացքում սխալ որոշումներ է ընդունել։ Սեպտեմբերի 27-ն այդ սխալները հիշելու ու ժողովրդից մեկ անգամ ևս ներողություն խնդրելու օրն էր։ Ցավոք, ներողություն չհնչեց։ Սա հիմք է կասկածելու, որ ՔՊ-ականներն ամենևին էլ չեն ընդունել 2018-2022-ի իրենց սխալները, այլ ձևացրել են, թե ընդունում են, որ աշխարհում իրենց մարդու տեղ դնեն, բարև տան։

Կարճ ասած, ցավալի է, որ ՔՊ-ական իշխանություններն անտեսեցին Սեպտեմբերի 27-ը, հիշեցին ու չփառաբանեցին ժողովրդի ու հայրենիքի ազատության համար նահատակներին, հիմք տվեցին կասկածելու, թե հայերը հիշողություն չունեն, իրենց նահատակներին չեն հարգում։


Թաթուլ Մկրտչյան