Ներքին 1 ժամ առաջ - 19:30 28-09-2026

Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի ամենահայտնի և էլիտար համարվող մարզահամալիրներից մեկում՝ «Reebok Sports Club Armenia»-ում մոտավորապես 2 ամիս առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որը հանգեցրել է 26-ամյա երիտասարդ աղջկա մահվան։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել դեռևս 2026 թվականի օգոստոսի 3-ին։

Դավթաշեն վարչական շրջանում գործող «Reebok» մարզահամալիրից շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց ժամանած ոստիկանության օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ տուժածը վերակենդանացման բաժանմունքում է և ի վիճակի չէ բացատրություն տալու։ Հետագայում պարզվել է տուժածի ինքնությունը. նա 26-ամյա Անի Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ակումբում անզգուշաբար ընկել էր լողավազանի մեջ։

Աղջիկը մոտ մեկ ամիս գտնվել է կոմայի մեջ՝ կյանքի և մահվան սահմանագծին, և այդպես էլ գիտակցության չգալով՝ սեպտեմբերի 23-ին մահացել է։

«Reebok Sports Club Armenia»-ն հանրությանը հայտնի է ոչ միայն իր մեծ մասշտաբներով ու թանկարժեք ծառայություններով, այլև իր սեփականատիրոջ անվամբ։ Այն պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Գևորգյանին, ով առավել հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականվամբ։

Այս գործում ամենամեծ հարցականները ծագում են դեպքի հանրայնացման ժամկետների հետ կապված։ Ի տարբերություն նմանատիպ այլ միջադեպերի, օգոստոսի 3-ին տեղի ունեցած պատահարը և սեպտեմբերի 23-ին արձանագրված մահվան փաստը տևական ժամանակ համացանցային հնչեղություն չստացան. մամուլում առաջին հրապարակումները հայտնվեցին միայն սեպտեմբերի 27-ին։

Նմանատիպ խոշոր հիմնարկներում ցանկացած արտակարգ պատահար, առավել ևս՝ մարդու կյանքին սպառնացող, սովորաբար արագորեն հայտնվում է լրահոսում։ Սակայն այս պարագայում թե՛ մարզահամալիրի տնօրինությունը, թե՛ պատասխանատու գերատեսչությունները շուրջ երկու ամիս պահպանել են լռություն։

Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ մարզահամալիրի տնօրինությունը մինչ օրս հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ կամ ցավակցական հայտարարությամբ։ Մարզահամալիրը շարունակում է իր բնականոն աշխատանքը և սոցցանցերում հրապարակում է միայն իր սովորական գովազդային ու տեղեկատվական նյութերը։

Տեղեկացանք, որ դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հասմիկ Մովսիսյան