Ներքին 52 րոպե առաջ - 19:00 24-09-2026

Պետությունը զինվորի՞, թե՞ ոստիկանի հույսին է. ինչու է կառավարությունն ավելացնում ոստիկանների քանակը

Հայաստանի անվտանգային ներկայիս բարդ ու զգայուն մարտահրավերների ֆոնին, երբ Զինված ուժերի համալրման և սահմանների պաշտպանության հարցը պետք է լինի պետության թիվ մեկ առաջնահերթությունը, իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am հարթակում հայտնվել է մի ուշագրավ օրենսդրական նախաձեռնություն:

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն երիտասարդներին, ովքեր կընտրեն ծառայությունը Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում (առաջին փուլում նախատեսվում է սահմանել 70 տեղանոց քվոտա):

Հարց է առաջանում․ արդյոք Հայաստանում Ոստիկանության կամ Փրկարար ծառայության կադրային այնպիսի սուր դեֆիցիտ կա՞, որի հաղթահարումն անհրաժեշտ է համարվում հենց զորակոչային ռեսուրսի՝ զինվորների հաշվին:

Ըստ ՆԳՆ պաշտոնական պարզաբանման՝ նախագծի նպատակն է հնարավորություն տալ դպրոցն ավարտած երիտասարդներին «գիտակցված ընտրությամբ» անմիջապես անցնել մասնագիտական կրթության (1 տարի 6 ամիս տևողությամբ) և համալրել համակարգը՝ պարտադիր 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով:

Տպավորություն է ստեղծվում, որ պետական ապարատը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է նվազեցնել բանակ մեկնողների թիվը կամ փոխարինել պաշտպանական մոդելը ներքին անվտանգության ուժեղացմամբ: Եթե Փրկարար ծառայության դեպքում խնդիրը ինչ-որ տեղ հասկանալի է՝ հաշվի առնելով կառույցի մարդասիրական բնույթը, ապա Ոստիկանության պարագայում հարցերը սկզբունքային են: Հայաստանն առանց այն էլ բնակչության թվի հարաբերակցությամբ համարվում է բավականին մեծ թվով ոստիկանական հաստիքներ ունեցող երկիր:

Ո՞ւմ է ձեռնտու ուժային այս կառույցը համալրել հենց պոտենցիալ զինվորների հաշվին: Ստացվում է՝ ներքին կարգուկանոնի պահպանումն ավելի կարևոր ու առաջնային է, քան արտաքին սահմանների պաշտպանությունը։

Երբ ոստիկանի համազգեստ ընտրողին տրվում է օրինական հնարավորություն՝ չգնալու սահման, զինվորի դերն ու առաքելությունը անուղղակիորեն արժեզրկվում են։ Ինչու է պետությունը ոստիկանին ավելի մեծ տեղ ու արտոնություն տալիս, քան հայրենիքի պաշտպանին։

Ավելին, նախագծում նշված է, որ թեև մեկնարկային փուլում սահմանվել է 70 տեղ, սակայն հետագայում այդ թիվը կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ: Սա նշանակում է, որ զանգվածային տարկետման և բանակից օրինական ճանապարհով խուսափելու դռները հետագայում կարող են էլ ավելի լայն բացվել:

Փոխանակ ՆԳՆ-ն համակարգված ու որակական աշխատանք տանի երկրում հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների կամ դժբախտ դեպքերի կանխարգելման ուղղությամբ (ինչը թույլ կտար առկա ռեսուրսներով լուծել խնդիրները), կառույցը գնում է պարզապես քանակական ավելացման ճանապարհով։

Սա կարող է վկայել այն մասին, որ համակարգն այնքան էլ վստահ չէ իր ներկայիս ուժերի և որակական պատրաստվածության վրա, և փորձում է խնդիրները ծածկել նոր աշխատուժի ներգրավմամբ՝ կրկին բանակի զորակոչային ռեսուրսի հաշվին։

Ամենից շատ դիտված