ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի երևանյան բնակարանի շուրջ ստեղծված լարված
իրավիճակից հետո քաղաքական գործիչը նոր մանրամասներ է հայտնել իր ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների և դրանց հնարավոր պատճառների վերաբերյալ։
Oragir.News-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը տեղի ունեցած երկու ժամ տևած «ահաբեկչությունից ու պաշարումից» հետո իրավապահներն այլևս չեն այցելել իրենց բնակարան և այս պահին ընտանիքին չեն անհանգստացրել։
Այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, քանի որ հետագա քայլերի մասին որևէ հստակություն չկա։ Քաղաքական գործչի ներկայացմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկզբում փորձել են նենգափոխված պատրվակով բացել տալ տան դուռը։
«Գալիս են և խաբեությամբ փորձում են բնակարանը բացել տալ դուռը՝ ասելով, թե իբր ինչ-որ Տաթևիկի են փնտրում։ Նույնիսկ ճշմարտությունը չեն ասել, չեն հայտնել, թե ինչի համար են եկել»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ իրավապահները թաքցրել են իրենց իրական նպատակը։
Հարցին, թե արդյոք տեսանյութերում հնչեցրած պատճառները ենթադրություններ են, թե՞ հստակ հիմքեր ունի, Փոստանջյանը պատասխանեց, որ իրենց որևէ պաշտոնական փաստաթուղթ չի փոխանցվել. «Էս պահի դրությամբ որևիցե իրավական հիմք ինձ ներկայացված չէ։ Ուրիշ ձև չեմ կարող պատկերացնել՝ ինչ վարույթի շրջանակում պետք է իմ աղջկան հրավիրեն որպես վկա հարցաքննության»։
Անդրադառնալով հնարավոր դրդապատճառներին՝ նախկին պատգամավորն ընդգծեց, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ կարող է առնչություն ունենալ բացառապես որպես հայտարարատու անձ։ Սակայն, ըստ նրա, այդ տիրույթում ևս իրավապահների բոլոր գործողությունները նախկինում դատական կարգով ոչ իրավաչափ են ճանաչվել։
«Հենց իրենք են գտել, որ հիմքեր չկան, և սեպտեմբերի 18-ին մերժել են քրեական վարույթ նախաձեռնելը։ Դա դեռ մայիսին Փաշինյանի արած հայտարարությունից հետո ներկայացված հաղորդման շրջանակներում էր»,- պարզաբանեց Փոստանջյանը։
Վերջինիս ենթադրությամբ, քանի որ իրավական հիմքերով հին գործը ձախողվել է, հիմա իրավապահ համակարգը փորձում է այդ նույն թեմայի շրջանակներում «ինչ-որ բան թարմացնել»՝ այս անգամ հարցաքննության տանելով իր դստերը։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն այս պահին գտնվում է արտերկրում և տեղի ունեցածը որակել է որպես բացահայտ քաղաքական ճնշում ու ահաբեկչություն իր ընտանիքի նկատմամբ։
Հասմիկ Մովսիսյան