Մամուլ 1 ամիս առաջ - 07:44 11-09-2026

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։

Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ ընկերություն է PMCG-ն և ինչ գործունեություն է իրականացնում։

PMCG-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն, որը գործունեություն է իրականացնում անցումային և զարգացող երկրներում։ Ընկերությունը փոխկապակցված կառույցների ցանց ունի ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։ Ընկերության հայկական գրասենյակը գտնվում է Երևանում։

Ընկերությունը աշխատում է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

PMCG-ի հիմնական ուղղություններից են քաղաքականության մշակման խորհրդատվությունը, ինստիտուցիոնալ և կազմակերպական զարգացումը, գործառնական արդյունավետության բարձրացումը, մոնիթորինգն ու գնահատումը, ինժեներական խորհրդատվությունը, բիզնեսի զարգացման խորհրդատվությունը, հետազոտությունները և կարողությունների զարգացումը։

PMCG-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընկերությունն իրականացրել է ավելի քան 500 ծրագիր 40 երկրներում և ունի ավելի քան 6500 խորհրդատուների ցանց։ Ընկերության գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, Սահարայից հարավ ընկած Աֆրիկան, Լատինական Ամերիկան, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։

PMCG-ն իր գործունեության առանցքային ոլորտների շարքում առանձնացնում է հանրային ֆինանսների կառավարումը, շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը, կրթությունն ու հմտությունների զարգացումը, տնտեսական աճը, կառավարման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտները, ինչպես նաև երիտասարդության, գենդերի և միգրացիայի ուղղությունները։

Ընկերության աշխատանքների շրջանակում իրականացվում են նաև տնտեսական քաղաքականության, առևտրի, բիզնես միջավայրի բարեփոխումների, փոքր և միջին բիզնեսի զարգացման, կանաչ աճի, վիճակագրության և պետական-մասնավոր գործընկերության վերաբերյալ ծրագրեր։

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, PMCG-ն հայտնել է, որ նա արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Ընկերության ներկայացմամբ՝ այդ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2021 թվականին նա նաև եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ պաշտոնը ստանձնել է Ալեն Սիմոնյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար