Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Գյումրու օր» ավանդական միջոցառումը կկազմակերպվի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով։ Այս հանգամանքը, սակայն, հերթական քաղաքական բանավեճի առիթ է դարձել Գյումրիում։
ՔՊ-ականները դժգոհում են, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում ինքնուրույն կազմակերպել անգամ քաղաքի տոնը, իսկ համայնքային միջոցառման շուրջ քննարկումները վերածվել են փոխադարձ քննադատությունների։
«Ուժեղ Հայաստան» շարժման սոցիալական էջում տարածված հայտարարության համաձայն՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը գյումրեցիներին հրավիրում է միասին տոնելու հայրաքաղաքի տոնը՝ խոստանալով նաև Սամվել Կարապետյանի կողմից մեծ անակնկալ։ «Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնը։
Երեկոյի ընթացքում սպասվում է մեծ անակնկալ Սամվել Կարապետյանի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։ Փաստորեն, միջոցները՝ բարերարից, տոնական տրամադրությունը՝ գյումրեցիներից։ Իսկ քաղաքի օրը կազմակերպելու հարցը, որը սովորաբար համայնքային իշխանության պատասխանատվության տիրույթում է, այս տարի ևս դարձել է քաղաքական տարաձայնությունների առիթ։ Հատկանշական է, որ դեռևս սեպտեմբերի 15-ին՝ Գյումրու ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Գյումրու օր» միջոցառման կազմակերպման հարցը, քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հայտարարեց, որ կա բարերար, որը պատրաստ է իր միջոցներով կազմակերպել տոնակատարությունը։
Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը նման ցանկություն ունի, պետք չէ խոչընդոտել, իսկ համայնքային բյուջեից չծախսված գումարը հնարավոր կլինի ուղղել այլ անհրաժեշտ կարիքների։
Խոսքը 14 միլիոն դրամի մասին է՝ գումար, որը կարելի է ուղղել նաև համայնքում առկա սոցիալական և այլ հրատապ խնդիրների լուծմանը։ Ավետիս Առաքելյանն իր մոտեցումը բացատրեց բավական պատկերավոր համեմատությամբ՝ ասելով․ «Մեծ եղբայրդ եթե ուզում է ծնունդդ անի, քո եղբայրն է, ինչ կլինի՝ թող անի»։
Հենց «մեծ եղբոր» հիշատակումն էլ դարձավ քննարկումների ամենաշատ շահարկված հատվածներից մեկը։
ՔՊ-ականների դժգոհության հիմնական թիրախն այն էր, որ քաղաքի գլխավոր տոնը պետք է կազմակերպվի համայնքային բյուջեի միջոցներով, այլ ոչ թե մասնավոր բարերարի աջակցությամբ։ Սակայն հարցն այստեղ միայն այն չէ, թե ով է վճարում տոնակատարության համար։ Եթե համայնքային բյուջեից 14 միլիոն դրամ չծախսելու արդյունքում այդ գումարը հնարավոր լինի ուղղել Գյումրու բնակիչների խնդիրների լուծմանը, ապա արդյո՞ք դա ինքնին բացասական երևույթ է։
Մյուս կողմից՝ քաղաքային իշխանության կարողությունները գնահատելիս կարևոր է նաև հասկանալ, թե որքանով է այն ինքնուրույն կազմակերպում համայնքային նշանակության միջոցառումներն ու իրականացնում իր պարտականությունները։ Թեման կրկին ակտիվացել է վերջին օրերին։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ստեղծված իրավիճակը ներկայացնելով որպես քաղաքային կառավարման ճգնաժամի հերթական դրսևորում։ «Երբ ասում ենք՝ քաղաքում կառավարման ճգնաժամ է, քաղաքային իշխանությունները հակադարձում են՝ նման բան չկա։
Երբ ասում ենք՝ չեք կարողանում լուծել քաղաքի խնդիրները, պատասխանում են՝ լուծում ենք։ Երբ ասում ենք՝ վատ կառավարիչներ եք, պնդում են՝ ոչ, մենք լավ կառավարիչներ ենք։ Հարգելի՛ «լավ կառավարիչներ», դուք նույնիսկ քաղաքի օրը չեք կարողանում ինքնուրույն կազմակերպել՝ առանց այլոց միջամտության։ Իսկ եթե անգամ քաղաքի օրը կազմակերպելն է ձեզ համար խնդիր դարձել, ապա ինչպե՞ս եք պատրաստվում լուծել Գյումրու առջև ծառացած բազմաթիվ ու տարիներով կուտակված խնդիրները։ Լավ կառավարումը ոչ թե խոսքերով են ապացուցում, այլ կատարած աշխատանքով ու տեսանելի արդյունքներով։
Գյումրեցիներին պետք են ոչ թե արդարացումներ, այլ աշխատող քաղաքային իշխանություններ»,- ասված է ՔՊ խմբակցության հայտարարության մեջ։ ՔՊ-ականների դժգոհությունը միայն խմբակցության պաշտոնական հայտարարությամբ չի սահմանափակվել։ ՔՊ-ական Կարեն Խաչատրյանը ևս սոցցանցի իր էջում կոշտ արտահայտություններով է անդրադարձել Գյումրու օրվա կազմակերպման շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մեր քաղաքը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի՝ խուզի… Գյումրու կոմունիստներ սամոին ձեր հարսանիքին հովանավոր կարգեք, ռուբոին՝ թամադա։ Մեր ՔԱՂՔԻՑ ՅԱՆ ՏՎԵՔ....»,- գրել է նա։
Այսպիսով՝ մի կողմից՝ համայնքային բյուջեից հնարավոր 14 միլիոն դրամի խնայողության հարցն է, մյուս կողմից՝ քաղաքային իշխանության ինքնուրույնության և կառավարման արդյունավետության շուրջ քաղաքական բանավեճը։
ՔՊ-ականների քննադատության թիրախում այն է, որ քաղաքի տոնակատարությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է մասնավոր բարերարի միջամտությունը, մինչդեռ համայնքային միջոցները այլ կարիքների ուղղելու հնարավորությունը նույնպես քննարկման արժանի հանգամանք է։ Թեմայի շուրջ քաղաքական հակադրությունը ծավալվում է նաև ավագանու առաջիկա նիստին ընդառաջ։
Հոկտեմբերի 14-ին նախատեսված է Գյումրու ավագանու հերթական նիստը, և հետաքրքիր կլինի՝ արդյոք «Գյումրու օր» միջոցառման կազմակերպման հարցը կրկին կդառնա քննարկման առարկա, թե՞ քաղաքական ուժերը կսահմանափակվեն հայտարարություններով ու սոցցանցային գրառումներով։