Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ խմելու ջուրն անգին գանձ է, և դրա յուրաքանչյուր կաթիլը պետք է խնայել։ Մինչ աշխարհում բազմաթիվ բնակավայրեր կանգնած են ջրի սակավության խնդրի առաջ, Պտղնիում արդեն մեկ շաբաթ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է փողոցով ու կորչում՝ առանց որևէ մեկի կողմից խնդրին լուծում տալու։
Ջրի նման անիմաստ կորուստը ոչ միայն անպատասխանատու վերաբերմունք է բնական ռեսուրսի նկատմամբ, այլև մտահոգիչ իրավիճակ, որը պահանջում է անհապաղ միջամտություն։
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները խնդրի մասին մի քանի անգամ ահազանգել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն, նրանց խոսքով, մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել․ ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել դեպքի վայր, չեն ուսումնասիրել իրավիճակն ու միջոցներ չեն ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ։
«Արդեն մի ամբողջ շաբաթ է՝ ջուրը հոսում է, ու ոչ ոք չի գալիս։ Մի քանի անգամ զանգել ենք «Վեոլիա Ջուր», հայտնել խնդրի մասին, բայց ոչ ոք չի արձագանքում։ Ջուրը փողոցով հոսում է, իսկ խնդիրը մնում է չլուծված։ Ինչո՞ւ պետք է խմելու ջուրն այսպես անխնա վատնվի, երբ հնարավոր է ժամանակին վերացնել վթարն ու կանխել ջրի կորուստը»,– դժգոհում են բնակիչները։
Ըստ Գագիկ Շամշյանի՝ բնակիչներին հատկապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ խնդիրը օրեր շարունակ անուշադրության է մատնված, իսկ ջրի շարունակական հոսքը ոչ միայն ջրի կորուստ է առաջացնում, այլև անհարմարություններ ստեղծում փողոցում։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։