Ներքին 2 ժամ առաջ - 16:38 05-09-2026

101 %-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում սոցիալական աջակցության համակարգի թվայնացումն ու «բարեփոխումները», որոնք պետք է ավելի հասցեական դարձնեին պետական օգնությունը, իրականում վերածվել են չոր ու անհոգի վիճակագրության։ Պետական ավտոմատացված համակարգերը, առաջնորդվելով բացառապես «կուրորեն» գեներացվող թվերով, կյանքից կտրված որոշումներ են կայացնում։

Արդյունքում՝ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող, բազմազավակ և հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող ընտանիքները մեկ գրչի հարվածով (կամ ավելի ճիշտ՝ համակարգչային մեկ սխալմամբ) զրկվում են հացի վերջին փողից։

Oragir.News-ի խմբագրությունը հերթական ահազանգն է ստացել Երևանի Ավան վարչական շրջանում բնակվող բազմազավակ միայնակ մայր Հերմինե Հարությունյանից, ում պատմությունը լավագույնս ապացուցում է գործող համակարգի անարդարությունը։ Հերմինեն միայնակ է մեծացնում 6 անչափահաս երեխաների։ Ամենամեծը ընդամենը 10 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 1.5 տարեկան։

Ընտանիքը սեփական տանիք չունի. Ավան համայնքում վարձակալում են տնակ հիշեցնող, ընդամենը 30 քառակուսի մետր մակերեսով մի փոքրիկ քարե սենյակ։ 7 հոգով այս նեղվածքի մեջ ապրելու համար կինը ամսական վճարում է 100 000 դրամ վարձավճար։ Երեխաներից մեկն ունի միջին աստիճանի հաշմանդամություն (37%) և տառապում է «Նեֆրոտիկ սինդրոմ» (երիկամային ծանր հիվանդություն) ախտորոշմամբ։ Այս ծանր հիվանդության պատճառով երեխան միայն վերջին մեկ տարվա ընթացքում 9 անգամ հոսպիտալացվել է։

Բնականաբար, նման պայմաններում 1.5 տարեկան երեխա և հաճախակի հիվանդանոց ընկնող որդի ունեցող մայրը ֆիզիկապես ի վիճակի չէ աշխատել։ Ընտանիքի միակ ապավենը պետական կենսաթոշակներն ու նպաստներն են, որոնք կազմում են ընդհանուր մոտ 230 600 դրամ։

Մինչև վերջին ամիսները ընտանիքը ստանում էր 59 000 դրամ ընտանեկան անապահովության նպաստ։ Սակայն, երբ հուլիսին Հերմինեն դիմել է Միասնական սոցիալական ծառայություն՝ տվյալների թարմացման կամ նոր համակարգին անցնելու համար, ընկել է, այսպես ասած՝ թակարդի մեջ։ Համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է հին նպաստի վճարումը, իսկ նորով՝ ներկայացրել մերժում։ Պատճառաբանությունը ցնցող է՝ «մեկ անձի հաշվով եկամուտը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղի գումարը»։

Արդյունքում՝ համակարգը վերցրել է ընտանիքի ողջ 230 600 դրամ եկամուտը (որի մեջ մտնում է նաև հաշմանդամ երեխայի թոշակը), բաժանել 3.8-ի և ստացել, որ մեկ շնչին բաժին է ընկնում մոտ 60 000 դրամ։

Քանի որ պետության սահմանած նվազագույն շեմը 35 000 դրամ է, ծրագիրը Հերմինեին հայտարարել է «ապահովված» և կտրել 59 000 դրամ նպաստը։

Հերմինեն բողոքարկել է որոշումը, կցել է նոտարական վարձակալության պայմանագիրը, որը փաստում է, որ իր ստացած գումարից 100 000 դրամն անմիջապես գնում է տան վարձին, իսկ մնացածը՝ կոմունալներին ու հիվանդ երեխայի թանկարժեք դեղերին։

Սակայն բողոքարկման հանձնաժողովը մերժել է՝ տալով չոր պատասխան. «Մենք ընտանիքի ծախսերը հաշվի չենք առնում, հաշվում ենք միայն մուտքերը»։ Այս պատմության ամենացավալի կողմն այն է, որ պաշտոնական օղակները լավ գիտեն ընտանիքի վիճակը։ Ավանի թաղապետարանի սոցիալական բաժինը պարբերաբար, հնարավորության սահմաններում, սննդով կամ տակդիրներով օգնում է ընտանիքին, այսինքն՝ տեղում մարդիկ տեսնում են աղքատությունը։ Բայց վերնախավի սահմանած օրենքներն անզոր են դարձնում անգամ սոցիալական աշխատողներին։

Oragir.News-ը հետամուտ է լինելու այս հարցին և պաշտոնական հարցում է ուղարկելու նախարարություն՝ պարզելու, թե ինչպես է հնարավոր բացառության կարգով վերանայել Հերմինեի ընտանիքի գործը, և ինչու է պետությունը հաշմանդամության թոշակը դիտարկում որպես ընտանիքի «հարստացման» միջոց։

Հավելենք, որ այս դեպքից զատ Oragir.News-ը ստացել է բազմաթիվ այլ նմանատիպ բողոքներ, որոնցում բարձրացված խնդիրները խմբագրությունը առաջիկայում հերթով կներկայացնի։

Հասմիկ Մովսիսյան