Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 րոպե առաջ - 15:59 04-09-2026

Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում վերջին տարիներին ի հայտ եկած նոր մեծահարուստների մասին հասարակության շրջանում տարբեր տեսակետներ են հնչում։ Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նոր մեծահարուստների հարստությունը կապ ունի իշխանությունների հետ, թե՞ Հայաստանում մեծ կարողություն ստեղծելն, այնուամենայնիվ, հնարավոր է նաև առանց քաղաքական կապերի։

Քաղաքացիներից մեկը հարցին չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ ո՛չ մեծահարուստների, ո՛չ իշխանությունների հետ կապ չունի և չի կարող գնահատական տալ նրանց գործունեությանը։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ Հայաստանում հարստանալը հեշտ չէ, և մեծ կարողություն ունեցող մարդիկ այն ստեղծելու համար մեծ աշխատանք են կատարում։

«Հարստանալը հեշտ չէ։ Մարդիկ տանջվում են, աշխատում են, ստեղծում են և աշխատատեղեր են ստեղծում։ Ո՞նց կարող է պատահել, որ հարստությունը հեշտությամբ ստեղծվի»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ չի կարող ասել՝ նոր մեծահարուստներն իշխանությունների հետ կապ ունեն, թե ոչ, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հնարավորությունների սահմաններում բիզնես և աշխատանք ստեղծելու։

«Ես նման բաներ չեմ հասկանում, բայց ոչ մեկի վատը չեմ ցանկանում։ Ով ինչքան կարողանում է, թող ստեղծի, մեզ համար դա օգուտ է, վնաս չէ»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ զրուցակից հրաժարվեց գնահատական տալ մեծահարուստների և իշխանությունների հարաբերություններին՝ նշելով, որ նախընտրում է չանդրադառնալ այդ թեմային։

Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով մեծահարուստների ունեցվածքին, ասաց, որ իրենց համար առավել կարևոր է սեփական աշխատանքով ապրելը։

«Թող հարուստներն իրենց ձևով ապրեն, մենք էլ մեր ձևով։ Մենք շնորհակալ ենք, որ աշխատում ենք, օրվա հացն ունենք, սոված չենք մնում։ Մենք աշխատող ձեռք ենք, իսկ հարուստներն էլ թող իրենց ձևով ապրեն»,– նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի պնդեց, որ նոր մեծահարուստներն իշխանությունների հետ կապ ունեն։

«Կապ ունեն, հաստատ։ Հիմա իշխանություններն էլ են մեծահարուստ դարձել։ 2018 թվականին երբ եկել էին իշխանության, թող մի պահ մտածեն՝ ինչ ձևով և ինչ կազմով են եկել, իսկ հիմա ինչ կազմով են»,– ասաց նա։

Նույն քաղաքացին անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծելով, որ վերջինս, իր համոզմամբ, տարիներ շարունակ աջակցել է քաղաքացիներին։

«Գագիկ Ծառուկյանի նման մարդ չկա։ Չկա տուն, որին նա օգնություն ցույց տված չլինի։ Հատկապես կորոնավիրուսի տարիներին, երբ մարդիկ անգամ անհրաժեշտ սնունդ չունեին, նա օգնություն էր ցույց տալիս։ Զինծառայողների ծնողները, որոնք հնարավորություն չունեին գնալու իրենց երեխաներին տեսնելու, նրա միջնորդությամբ հնարավորություն էին ստանում այցելել նրանց»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ Ծառուկյանին քաղաքական դրդապատճառներով են հետապնդում։

«Գագիկ Ծառուկյանին, իմ կարծիքով, ձերբակալեցին, որովհետև նա ցանկանում էր մասնակցել ընտրություններին և թեկնածություն էր առաջադրել։ Իմ գնահատմամբ՝ Հայաստանում բռնապետություն է, և իշխանությունն ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացրել»,– ասաց քաղաքացին։

Քաղաքացին նաև անդրադարձավ իշխանությունների նախընտրական խոստումներին՝ նշելով, որ իր կարծիքով՝ դրանց մի մասը չի իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան