Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:01 31-08-2026

Նախկին հիվանդանոցի շենքում 2 հիվանդանոց ու 3 պետական կառույց են տեղավորվել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի տարիներ շարունակ դատարկ մնացած շենքը վերջին շրջանում սկսել է նորից գործել։ Բուժհաստատության նախկին շենքում տեղակայված են երկու բուժհաստատություն և երեք պետական կառույց։

Նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շուրջ զարգացումները սկսվել էին դեռևս 2012 թվականից։ Գյումրիի բժշկական կենտրոնի շահագործումից հետո քաղաքի վիրաբուժական և մարզային հիվանդանոցների բաժանմունքները տեղափոխվեցին նորաբաց բժշկական կենտրոն, իսկ դրանց թվում՝ նաև «Սամարիթեր» հիվանդանոցի բաժանմունքները։

Հիվանդանոցում որոշ ժամանակ գործել է նաև հեմոդիալիզի բաժանմունքի մի մասը, որը հետագայում ևս փակվել է։

Դատարկված շենքի հետ կապված տարիներ շարունակ տարբեր քննարկումներ են եղել։ Խոսակցություններ կային, որ այստեղ կարող է տեղափոխվել Գյումրիի պետական բժշկական քոլեջը, հետո խոսք էր գնում շենքը դարձնել բնակելի։ Մի խոսքով տարբերակները շատ էին, սակայն շենքը երկար ժամանակ այդպես էլ մնաց չօգտագործված։

Իրավիճակը փոխվեց 2022 թվականի տարեսկզբին, երբ կառավարության որոշմամբ նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքի տարածքներ անհատույց տրամադրվեցին պետական կառույցների։ Շենքի երկրորդ կորպուսը հատկացվեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնին։ Մինչև այստեղ տեղափոխվելը տեսչական մարմնի աշխատակիցներն աշխատում էին վարձակալած տարածքում։

Նախկին հիվանդանոցի երրորդ հարկի՝ ուռոլոգիայի բաժանմունքի տարածքից երեք սենյակ հատկացվել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղին։ Նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում տարածք է հատկացվել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Իսկ արդեն այս տարվա հունիսից շենքում սկսել են գործել նաև Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան և «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ՓԲԸ-ն։

Այսպիսով, տարիներ շարունակ չօգտագործվող նախկին հիվանդանոցի շենքն այսօր արդեն ունի մի քանի գործառույթ․ այստեղ տեղակայվել են երկու բուժհաստատություն՝ թիվ 2 պոլիկլինիկան և «Հանրապետական շտապ օգնության ծառայությունը», ինչպես նաև երեք պետական կառույց՝ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղը։

Մանրամասները՝ տեսանյութում։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է