Ներքին 10 րոպե առաջ - 19:28 28-08-2026

Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով

2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով։ Գործող միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, խմբավորվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։

Փոփոխության նպատակն է տեսական քննությունը դարձնել առավել նպատակային՝ հնարավորություն տալով ստուգել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։

Ի՞նչ է փոխվել
Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու հավակնող քաղաքացիները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։

Նոր կարգով՝
A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

Բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։

Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել հասցեական գնահատել դիմորդների՝ համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքները։

Ամենից շատ դիտված