Ուղիղ եթեր
Մամուլ 1 ամիս առաջ - 08:16 18-07-2026

Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել․ նոր գործընթացներ չեն իրականացվում, և այն, ըստ էության, մնացել է անորոշ վիճակում։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։

Վարույթի հիմքում փաստաբան Արա Զոհրաբյանի՝ նախաձեռնող խմբի անունից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն էր։ Սկզբնական փուլում իրավապահ մարմինները հրաժարվել էին վարույթ նախաձեռնել, սակայն փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական վարույթ։

Հաղորդման մեջ ներկայացված էին մի շարք հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ։

Առաջինը վերաբերում էր 2021 թվականին Վահե Հովհաննիսյանի կողմից հայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլարի անտոկոս փոխառությանը և 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, որոնցից հետո նա 1 մլն 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն։

Երկրորդ դրվագը վերաբերում էր «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին։ Ըստ հաղորդման՝ ընկերության վերակազմավորումից հետո բաժնեմասերը փոխանցվել էին նախարարի հարազատին, իսկ արդեն 2023 թվականին կառավարությունը նույն ընկերությանը տրամադրել էր 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ընկերությունը ազատվել էր շուրջ 118 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել էր 52 մլն 614 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք։

Երրորդ դրվագը վերաբերում էր նախարարին պատկանող հյուրատանը, որը, ըստ հաղորդման, առանց մրցութային ընթացակարգի վարձակալության էր տրամադրվել «Վարդենի» ՍՊԸ-ին։ Հենց այդ ընկերության միջոցով ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էին խաղ-վարժանքներ, որոնց դիմաց վճարվել էր մեկ միլիոն դրամից ավելի գումար։ Հատկանշական է, որ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրել էր հենց Վահե Հովհաննիսյանը, ապա այն փոխանցել էր իր մտերիմներից մեկին։

Չորրորդ դրվագը վերաբերում էր նախարարի հայտարարագրերում առկա հնարավոր անհամապատասխանություններին։ Մասնավորապես, հաղորդման հեղինակները մատնանշել էին վերջին երեք տարիների հայտարարագրերում առկա էական շեղումները, այդ թվում՝ 2006 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 25 մլն դրամով վաճառքի վերաբերյալ տվյալները և այլ հանգամանքներ։

Այս ամենի ֆոնին բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցը քննությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին, թե՞ վարույթը կսահմանափակվի արդեն իրականացված հարցաքննություններով և կհայտնվի այն գործերի շարքում, որոնք տարիներով մնում են առանց տեսանելի իրավական հանգուցալուծման»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին