Արտաքին 4 ամիս առաջ - 21:09 06-06-2026

ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ Politico

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային ռազմական կարիքների համար 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը, որի մասին կարող է հայտարարվել հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է Politico պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, ընդհանուր գումարից միայն 40 միլիարդ եվրոն կլինեն ֆինանսավորման նոր պարտավորություններ։ Մնացած 30 միլիարդ եվրոն Եվրամիության 90 միլիարդ եվրո ծավալով օգնության փաթեթի մի մասն է։

«Դա բնական է, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը նաև ԵՄ անդամ են։ Անարդար կլինի նրանցից խնդրել օգնություն հատկացնել երկու անգամ»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Նախաձեռնությունը մայիսին առաջադրել է Գերմանիայի կառավարությունը։ Այն նախատեսում է նոր մեխանիզմների ստեղծում՝ բարձրացնելու թափանցիկությունն այն հարցում, թե ինչպիսի ավանդ է ներդնում երկրներից յուրաքանչյուրը։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, նախկինում Եվրոպայի որոշ երկրներ դժգոհում էին, որ Կիևին աջակցելու անհամաչափ բեռ են կրում։

«Խնդիրն այն է, որպեսզի մենք Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով հաստատուն պարտավորություն ունենանք՝ շարունակելու Ուկրաինայի աջակցությունը ավելի կայուն և արդարացի հիմքերով»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինայի աջակցությունը կարող է դառնալ հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։

«Քննարկումներ են գնում այն մասին, թե ինչպես ենք շարունակելու ՆԱՏՕ-ի վճռական աջակցությունը Ուկրաինային և դրա հետ մեկտեղ երաշխավորելու բեռի արդարացի բաշխումը»,- պարբերականին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը։

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդամ երկրներին առաջարկում էր կանոնավոր կերպով հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը՝ Ուկրաինային աջակցելու համար, սակայն այդ գաղափարը մերժվել էր։ Այժմ կազմակերպությունում կենտրոնացած են գերմանական նախաձեռնության վրա։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ քննարկումները գտնվում են նախնական փուլերում, բայց միևնույն ժամանակ մատնանշում են, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել շուտով՝ պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը կկայանա ավելի ուշ՝ հունիսին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում