Ներքին 2 ամիս առաջ - 13:00 28-05-2026

Lexus-ի միլիոններն ու չվերադարձված պարտքը. Դատական դեպարտամենտի ղեկավարն «ընկել է» Վերաքննիչի դռները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ դատական համակարգում հերթական աղմկահարույց սկանդալն է հասունանում: Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի անցյալի «ֆինանսական գործարքները» նրան բերել են ուղիղ դատարանի դռները։

Լինելով համակարգի գլխավոր պաշտոնյաներից մեկը՝ նա այսօր հանդես է գալիս պատասխանողի կարգավիճակում: Հայցադիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե սովորական պարտքի, այլ հնարավոր վաշխառության մասին է։



Ամեն ինչ սկսվել է դեռևս 2022 թվականի հունիսի 23-ին, երբ քաղաքացի Ավետիք Կարեյանի և Նաիրի Վահրամի Գալստյանի միջև կնքվել է գործարք՝ ձևակերպված պարզ ստացականով, ինչն այսօր արդեն դարձել է դատական հայցի հիմք:

Հայցվոր Ավետիք Կարեյանը դատարանից պահանջում է Նաիրի Գալստյանից հօգուտ իրեն բռնագանձել 15․000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք դրամ)՝ որպես չկատարված պարտավորության գումար: Բայց սա դեռ ամենը չէ. հայցվորը պահանջում է նաև հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից (20.06.2025թ.) մինչև պարտքի փաստացի մարումը:



Նաիրի Գալստյանի ֆինանսական ակտիվությունը տպավորիչ է: Ըստ նրա հայտարարագրի տվյալների՝ նա աչքի է ընկել շարժական գույքի հաջող առուվաճառքով. օրինակ՝ 2025 թվականին ձեռք է բերել Lexus մակնիշի ավտոմեքենա՝ 12 միլիոն 500 հազար դրամ արժեքով և նույն տարում այն վերավաճառել 16 միլիոն 65 հազար դրամով՝ արդյունքում շահելով ավելի քան 3.5 միլիոն դրամ:

Ստացվում է՝ մեքենաների բիզնեսով զբաղվելու և միլիոններ աշխատելու հնարավորություն պաշտոնյան ունի, իսկ ահա 3 տարվա հին պարտքը վերադարձնելու հարցում թերանում է։



Այս պահին գործը հասել է Քաղաքացիական վերաքննիչ դատարան: Այն քննում է դատավոր Հարություն Վոլոդյայի Ենոքյանը: Սա նշանակում է, որ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ կայացրել է որոշում, որը, ամենայն հավանականությամբ, չի գոհացրել կողմերին:



Եթե Վերաքննիչ դատարանը հաստատի Գալստյանի պարտքն ու ապօրինի տոկոսներ պահելու փաստը, արդյոք դատական համակարգի հեղինակության մնացորդները փրկելու համար իշխանությունը կգնա՞ կտրուկ քայլերի՝ ցույց կտան հետագա զարգացումները։ Հիշեցնենք՝ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքում նոր ավանդույթ է ձևավորվել. սկանդալների մեջ հայտնված պաշտոնյաները հրաժարական են տալիս այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանից ընդամենը 1 SMS են ստանում։

2024-ի նոյեմբերին նման ճակատագրի արժանացավ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է երաշխավորեր դատարանների և դատավորների անկախությունը գործադիրից։ Կստանա՞ երբևէ այդ քաղաքական SMS-ը նաև Նաիրի Գալստյանը, թե՞ իշխանության համար նա դեռ շարունակում է մնալ հարմար կադր՝ ցույց կտա ժամանակը։

Հավելենք, որ Նաիրի Գալստյանը պաշտոնապես Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սկսել է կատարել 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։ Սկզբում նա նշանակվել էր որպես լիազորությունների կատարող (ժամանակավոր պաշտոնակատար)։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ