Ներքին 5 ամիս առաջ - 10:22 27-04-2026

ՄԻՊ-ից չհայտարարված այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

ՄԻՊ-ից hայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝

տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։

Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։
Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրենության հետ:

Հատկանշական է, որ նախորդ այցերի ընթացքում Հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել: Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը