Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 17:42 19-01-2026

ԱԳՆ-ի անտարբերությունը քաղաքացու համար 240$ արժեցավ․ Լեհաստանում ՀՀ դեսպանատունը լուռ է

Լեհական «LOT» ավիաընկերության չվերթի չեղարկման պատճառով Վարշավայի օդանավակայանում մնացած ուղևորները 11 ժամից ավելի մնացել էին օդանավակայանում՝ չկարողանալով վերադառնալ Երևան։

Այս մասին հունվարի 15-ին Oragir.News-ի հետ զրույցում ասել էր չվերթի ուղևորներից մեկը՝ Անահիտ Դանիելյանը։ Անահիտը նշել էր նաև, որ Լեհաստանում Հայաստանի դեսպանատնից ոչ ոք չի արձագանքել և փորձել օգնության ձեռք մեկնել Վարշավայում գտնվող ՀՀ քաղաքացիներին:

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում Անահիտը նշեց, որ իրենք արդեն Հայաստանում են, չվերթն իրականացվել է Վարշավայից Թբիլիսի, որտեղից էլ իրենց միջոցներով եկել են Հայաստան։

«Վրաստանից մեր հաշվին ինքնաթիռով եկանք Հայաստան։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ էլ դեսպանատունը այդպես էլ չարձագանքեցին։ Հունվարի 15-ին 23:00 Վարշավայից մեկնեցինք Թբիլիսի, Երևան էլ հասանք հաջորդ օրը առավոտյան 8:20»,- նշում է մեր զրուցակիցը։

Հարցին թե ինչքան գումար են ծախսել իրենց հաշվին ԱԳՆ-ի ու դեսպանատան լռության պատճառով, Անահիտը պատասխանեց․ «2 հոգու համար վճարել եմ հավելյալ 240$։ Ի՞նչ կանեին այն մարդիկ, ովքեր, օրինակ, ավել գումար չէին նախատեսել»։