Ներքին 7 ամիս առաջ - 11:55 15-01-2026

Նոր ժամանակներ են բացվում. Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությանը՝ կարծիք հայտնելով, թե 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը:

«Լուրն այն է, որ գործնականում և գետնի վրա արդեն կան իրողություններ, որոնք պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ-հոգեբանությունը հաստատվի: Բայց մյուս կողմից՝ կա ահռելի գործնական աշխատանք: Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այդ գործողություններն են պայմանագրերը դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունելը, իրավական որոշումների վրա աշխատանքին մեկնարկ տալը, ՀՀ-ում TRIPP անունով ընկերություն ստեղծելը, նաև երթուղիները որոշելը, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունները տալը և այլն:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը հայտարարեց. «Նոր ժամանակներ են բացվում, և այդ բոլոր ժամանակներում մենք պետք է նորովի և առավել արդյունավետ, կոնսոլիդացված և առավել կենտրոնացած աշխատենք՝ այս պատմական և շրջադարձային հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար [հանուն] ՀՀ-ի և նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության և բարօրության»:

Ամենից շատ դիտված