Ներքին 7 ամիս առաջ - 18:28 14-01-2026

Հայր Ասողիկին հարցաքննել են մոտ 6 ժամ, թեման 7 տարվա վաղեմություն ունի և վերաբերում է Սուրբ գեղարդին

Քննչական կոմիտեում հայր Ասողիկի հարցաքննությունը շուրջ 6 ժամ է տևել, իսկ թեման նոր չէ, շրջանառվում է արդեն շուրջ 7 տարի և վերաբերում է Մայր Աթոռում պահվող Սուրբ գեղարդի վնասվելուն և պատմամշակութային մյուս արժեքների կորստի, փոփոխության հարցին։

ԶԼՄ-ների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը հարցաքննության համար հրավիրվել է Քննչական կոմիտե։

«Հայր Ասողիկի դիրքորոշումն իհարկե չի փոխվել, ինչպես 7 տարի առաջ լրատվամիջոցների հետ զրույցում էր ասել, այսօր էլ կրկնեց՝ գեղարդն անվնաս է և պահվում է Մայր աթոռում այնպես, ինչպես դարեր շարունակ է եղել»,- նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ հայր Ասողիկն այս թեմայով առաջին անգամ է հարցաքննության հրավիրվում։ Այն, որ 7 տարի անց այս անհեթեթ թեման կրկին շրջանառության մեջ է դրվելու, ըստ Ֆարմանյանի, ակնհայտ էր վերջին օրերին իշխող ուժի արբանյակների կողմից դաշտ նետված տեսանյութերից և հրապարակումներից, որոնք վերաբերում էին Սուրբ գեղարդի վնասված լինելուն (տեղեկություններ էին տարածվել անգամ, թե Սուրբ գեղարդի մի կտորը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին է վաճառվել)։

Ամենից շատ դիտված