Ներքին 10 ամիս առաջ - 17:10 19-12-2025

ԵՄ-ի խոստացած 15 մլն եվրոյի միայն մի մասը կհասնի ՀՀ-ին․ ինչի՞ վրա այն կծախսվի

Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանին տրամադրել մինչև 15 միլիոն եվրո, որը նախատեսված է խաղաղության և երկրի դիմակայունության ամրապնդման և տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս մասին օրեր առաջ Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Կայա Կալասը նշել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության վտանգին, և Երևանը Եվրամիությունից խնդրել է աջակցություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար։

Oragir.News-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում տեղեկատվական ոլորտում և ի՞նչ նպատակներով կարող է արդյունավետ օգտագործվել ԵՄ-ի խոստացած գումարը։

Oragir.News-ի հետ զրույցում տեղեկատվական դաշտի մասնագետը նշեց, որ նման ֆինանսավորումների դեպքում սովորաբար արդեն նախապես որոշված ուղղություններ կան։ Սակայն, նրա կարծիքով, առավել արդյունավետ կլիներ, եթե այդ միջոցներն ուղղվեն լրագրության զարգացմանը, հետաքննություններին և մեդիայի տեխնիկական միջոցներին։ Այս դեպքում հատկացված միջոցները և՛ կծառայեն նպատակին, և՛ երկարաժամկետ օգուտ կտան հասարակությանը։

Մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին եղել են ծրագրեր, որոնք նախատեսված էին լրատվամիջոցների ամրապնդման համար, սակայն տարբեր պատճառներով դրանք կիսատ են մնացել կամ փակվել։

«Հայաստանում նախկինում եղել են մեդիայի համար նախատեսված գրանտներ, բայց դրանք փակվել են։ Միաժամանակ Ֆեյսբուքը որոշել է փակել ֆակտչեքինգի ծրագիրը։ Թեև դա դեռ ուղղակիորեն չի ազդել Հայաստանի վրա, բայց ազդեցությունը անխուսափելի է լինելու»,- ասում է մեր զրուցակիցը։

Առանձին խնդիր է նաև հետաքննական լրագրության պակասը։ Մասնագետի խոսքով՝ պետական գնումների ոլորտում կան լուրջ խնդիրներ, սակայն դրանցով զբաղվում են շատ քիչ լրատվամիջոցներ։

«Այդ գումարը կարելի էր ուղղել նաև այս ոլորտին, որ լրագրողները կարողանան բացահայտել հանրային միջոցների վատնումը»,- նշում է մեր զրուցակից, կարևոր համարելով արհեստական բանականության գործիքների ներդրումը։

Մասնագետը նաև կասկած է հայտնում, որ խոստացված 15 միլիոն եվրոն ամբողջությամբ կհասնի Հայաստանին։ Փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերի դեպքում գումարի մի մասը ծախսվում է կազմակերպչական և վարչական նպատակներով, իսկ նպատակին ծառայում է դրա փոքր մասը։ Եթե տվյալ դեպքում 15 մլն եվրոն չտրամադրեն լրատվամիջոցներին, այլ անիմաստ մսխեն իշխանամերձ շրջանակներում, ապա հիբրիդային սպառնալիքը չի չեզոքացվի, և ՀՀ-ում կրկին կձևավորվի ռուսամետ իշխանություն և ռուսամետ ձևացող ընդդիմություն։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է