Ներքին 25 րոպե առաջ - 16:30 07-11-2026

Տրորեցիք հայերենի իմացության իմպերատիվը, լուրջ ռիսկ ծագեց

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ական գործիչները հակադարձում են ընդդիմադիրների քննադատություններին, թե ՀՀ նոր Սահմանդրությունը չի գրվում Ալիևի պահանջով, քանի որ այնտեղ կան հայնպաստ հոդվածներ, օրինակ՝ այն, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։

Սա համոզի՞չ հակադարձում է։ Եվ արդյո՞ք այսօր հայերենի հանդեպ հարգանքը սկզբուքային բարձր մակարդակի վրա է։

Նախ հայերենը պետական լեզու էր նույնիսկ խորհրդային բռնազավթման տարիներին՝ ՀԽՍՀ սահմանադրությամբ։ 2015-ի Սահմանադրության մեջ ռուսերենի կամ այլ լեզվի մասին բան չկա։ Հոդված 20-ում պարզ գրված է՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Այս առումով՝ ՔՊ-ն ի՞նչ է ավելացրել։ Ամեն բան պարզ է և միանշանակ։

Ընդհանրապես ռիսկային է, որ ամեն հաջորդ իշխանություն նոր Սահմանադրություն է գրում իր ուսերին հարմար։ Սա նույնն է թե տան ամեն հաջորդ բնակիչ փոխի տան հիմքերը։ Ամեն անգամ զրոյից սկսելու այս հեղափոխական մոլուցքը խորապես հակասում է պետության հարատևության երազանքին, քանի որ Սահմանադրության ամեն փոփոխության հետ պետությունը քանդվում ու նորից է կանգնեցվում։

Լավ կլինի, որ գոնե Սահմանադրության վերաբերյալ հարգանք լինի քաղաքական համայնքում։ Եթե պոպուլիստներն ուզում են էժան մանիպուլյացիաներ անել, ապա թող ուրիշ դաշտում անեն, Սահմանդրությունից հեռու։ Այն մեր պետության կարևորագույն փաստաթուղթն է, հիմնաքարը։ Այստեղ այն հիմնարար սկզբունքներն են, որոնց վրա կանգուն է պետությունը։

Մասնավորապես՝ եթե Փաշինյանն իսկապես ուզում էր կատարել Ալիևի նախապայմանը, ապա կարող էր փոփոխել նախաբանը և այն մի քանի հոդվածները, որոնք իսկապես անհրաժեշտ էր փոփոխել։ Դա կարող էր համեմատաբար արագ անել, կխնայվեին հարկատուների միջոցները, վաղուց կատարած կլինեին Ալիևի նախապայմանը, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, ընդդիմությունն էլ ավելի կառուցողական օրակարգ կունենար։

Ընդհանրապես՝ քաղաքական համայնքի միավորները իրենց խոսույթում պարտավոր են հարգալից արտահայտվել Սահմանադրության մասին, որ քաղաքացու մոտ անհարգալից վերաբերմունք չձևավորվի մայր օրենքի նկատմամբ։ Կարևոր է նաև սկզբունքայնությունը Սահմանադրության հարցում։ Օրենքը, պայմանագիրը, կանոնը պետք է համահունչ լինըն Սահմանադրությանը։ Սա պետության լրջության ցուցիչ է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով։

Ասում են՝ Դենիս Ջորկաեֆը կարող է հայկական ֆուտբոլը բարձրացնել, նվաճումներ, հաղթանակներ ապահովել։ Ու թքած, թե հայերեն չգիտի, ՀՀ-ում չի ապրել։ Դե եկեք՝ Նիկոլ Փաշինյանին հանենք, Բենյամին Նեթանյահուին վարչապետ դնենք, կզցրած կպահի ոչ միայն ընդդիմադիր առաջնորդներին, այլև հարևան երկրներին, ԱՄՆ-ի աջակցությամբ ՀՀ ինքնիշխան տարածքները հետ կբերի, Արցախն էլ կազատագրի, Արևմտյան Հայաստանն էլ հետը։ ՔՊ-ականները միանգամից կարող են ասել, որ այս համեմատությունն անհեթեթություն է։ Իսկ ՀՖՖ-ի պարագայում նորմա՞լ է։

Պետական լեզվի իմացության և ՀՀ-ում բնակվելու մասին իմպերատիվի հատվածական կիրառումը անհարգալից վերաբերմունք է Սահմանադրության, օրենքի և պետության նկատմամբ։ Բանն այն է, որ օրենքի այս պահանջները ոչ միայն սկզբունքային են, այլև դրվել են ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախկինների օրոք քաղաքական համակարգում եղել են մարդիկ, որոնք հայերեն չեն խոսել, ՀՀ-ում չեն ապրել։ Նրանք վնաս են պատճառել պետությանը։ Այսինքն՝ հայերեն իմանալու և ՀՀ-ում ապրելու մասին իմպերատիվ պահանջը հիմնված է քաղաքական այն փորձառության վրա, որ հայերեն չիմացող, ՀՀ-ում չապրած մարդիկ ճիշտ չեն հասկանում հայկական պետությունն ու ժողովրդին և սխալ բաներ անում, վնաս տալիս։ Եթե մյուսներն էլ ՀՖՖ-ի նման այս նորմերը տրորեն-անցնեն, ապա ռիսկ կա, որ այդ ոլորտներում ղեկավարները սխալներ կանեն։ Օրվա հեղափոխականներն այս ռիսկը հաշվի առնո՞ւմ են։

Կարճ ասած՝ երբ ՔՊ-ական պաշտոնյաները փորձում են պետական լեզվի մասին հադվածը հիշատակելով՝ հակադարձել ընդդիմախոսներին, կարող են հիշել նաև ՀՀՖ-ի օրինակն ու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ են այս դեպքում խախտում սահմնադրական նորմը, կարելի՞ է ՀՖՖ-ի օրինակով՝ հայերեն չիմացողին, ՀՀ-ում չապրածին պատգամավոր ու վարչապետ ընտրել, տրորել ու անցնել հայերենի իմացության ու ՀՀ-ում ապրելու վերաբերյալ իմպերատիվ պահանջների վրայով։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ