Մամուլ 1 տարի առաջ - 07:00 04-09-2025

Զուտ քաղաքական «նպատակահարմարություն». իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ընդհանրապես, կալանքը բացառապես խափանման միջոց է, այսինքն՝ որոշակի ռիսկային վարքագիծ խափանելու մասին է, օրինակ՝ երբ անձը ձերբակալվում է սահմանը հատելու պահին, կամ գործով կարևոր վկաներ կան, որոնց վրա փորձ է կատարում ազդել: Հակառակ իրավիճակներում օրենսդրությունը նախատեսում է բազմաթիվ այլ խափանման միջոցներ, որոնք չեն ենթադրում քրեակատարողական հիմնարկում գտնվելը:
Սակայն Հայաստանում փաշինյանական իշխանության օրոք այս առումով ոչ միայն բազմակի ստանդարտներ են կիրառվում, այլև կալանքը դարձել է պատժի միջոց: Համեմատության համար հետաքրքիր է դիտարկել, թե աղմկահարույց այլ գործերով ինչ պատկեր է ձևավորվել: Բոլորը հիշում են քննչականի շենքից 590000 դոլար հափշտակելու քրեական գործը, որի մեջ առանցքային դերակատարում ուներ հենց ՔԿ վարչություններից մեկի պետը: Վերջինս 2025 թվականի մայիսի 25-ին կալանավորվեց երկու ամսով՝ առանձնապես խոշոր չափերով գողության մեղադրանքով, որի պատիժը չի կարող լինել տուգանք, այլ բացառապես ազատազրկում 4-8 տարի: Սակայն արդեն 2025 թվականի հուլիսի 22-ից հայտնի քննիչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, և դատարանը ուղիղ արձանագրել է, որ բոլոր ոչ պատշաճ վարքագծի ռիսկերն առկա են, բայց կիրառվում է այլ խափանման միջոց: Հաջորդ գործը վերաբերում է Շենգավիթի նախկին թաղապետին, որը նույնիսկ մեղադրվում է մարդուն խոշտանգելու մեջ: Շուրջ երկու ամիս կալանավորումից հետո նրա ու նրան օժանդակած անձի կալանքը փոխվել է տնային կալանքի:
Վերադառնալով Սամվել Կարապետյանին՝ պետք է նշել, որ նա ինքնակամ ներկայացել է ՔԿ, հայտնի է բարեգործություններով, աշխատատեղեր ստեղծելով, տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներով: 2025 թվականի հունիսի 17-ին Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Եվ ահա, սոսկ այս արտահայտության համար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի կալանավորված է, տեսակցություններն ամբողջությամբ սահմանափակված են, այլ խափանման միջոց չի կիրառվում: Այսինքն, օրը ցերեկով 600 հազար դոլար գողանալու մեջ մեղադրվողը, օրը ցերեկով մարդու առևանգող և խոշտանգող անձը իրեն օժանդակողի հետ կարող են այլ խափանման միջոցի հնարավորություն ստանալ, իսկ Սամվել Կարապետյանը՝ ոչ:
Հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ այստեղ մի բան այն չէ: Կամ... շատ բան այն չէ: Ի հավելում, երևի թե տեղին է հիշել 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու արձանագրել դրա և իրականության միջև հերթական խզումը. «Սա էլ է խնդիր, որովհետև մանավանդ բարեփոխված մեր օրենսդրությունը, ժողովրդավարական երկրի նպատակը երբեք չի կարող լինել բանտերը լցնել, ընդհակառակը, մենք բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք չենք էլ նկատում։ Հիմա մենք, օրինակ՝ տնային կալանք ունենք։ Այսինքն, խափանման միջոցն ընտրված է, և այդ մարդիկ իրենց ընտանիքում են, իրենց երեխաների կողքին են, վա՞տ է դա, ես չեմ հասկանում։ Այսինքն, ի՞նչ, տանենք ամեն անգամ մարդուն կտրտենք, լցնենք բանտերը, փակենք, ոչ մի բան չանե՞նք»։
Դե, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Սամվել Կարապետյանի դեպքում նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվում, ո՞ւր մնաց Փաշինյանի ասած՝ «ժողովրդավարական երկրի նպատակը»:
Չնայած, եթե հավելենք նաև Փաշինյանի՝ «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ» արտահայտությունը, ապա բոլոր հարցերի պատասխաններն իրենց տեղն են ընկնում:

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին