Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:30 25-11-2024

Աննա Հակոբյանը դանդաղ ական է դնում ՔՊ-ական իշխանության տակ

ՔՊ-ական իշխանությունը Հայստանի պատմության մեջ քաղաքականապես ամենատգետ, ամենաշատ սխալներ թույլ տվածն է։ ՔՊ-ականին կրթվելը չի հետաքրքրել, ենթադրաբար՝ չի հետաքրքրում նաև ներկայում։ Ժամանակ չունեն։ Զբաղված են ժողովրդից թալանված փողերը հետ բերելով։ Այս տեսանկյունից՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությունն ու կոչը՝ 2025 թվականը կրթվելու տարի հայտարարելու մասին, հույս է ներշնչում, որ ՔՊ-ական պաշտոնյան 6 տարի աշխատելուց, ժողովրդի ու պետության գլխին աղետալի սխալներ պատուհասելուց հետո սկսելու է կրթվել։

ՔՊ-ն ու իր հարազատ նախկինները տարիներ շարունակ արժեզրկել են կրթությունը։ Հիմա եկել ու կրթությունը ուզում են նորաձև դարձնել։ Կրթվելը, իհարկե, կարևոր է, բայց ՀՀ-ում կրթական համակարգը լքված վիճակում է։ Դպրոցներում և համալսարաններում առկա խնդիրները՝ սկսած ցածր աշխատավարձից և ուսուցիչների որակի անկումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների պակասը անմխիթարության խորհրդանիշ են։ Այս պայմաններում առաջարկել «կրթվելը դարձնել նորաձև»՝ նշանակում է մոռանալ հիմնական խնդիրները և շեղել ուշադրությունը համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից։

Աննա Հակոբյանի կոչը չի համապատասխանում նաև սոցիալական իրականությանը։ Գիտելիքը կարող է դառնալ նորաձև, երբ հասարակության մեծ մասը զբաղված չէ հացի խնդրով, երեխաների կարիքները հոգալով։ Նման իրավիճակում «կրթվելը նորաձև է» կարգախոսը ոչ միայն անտեղի է, այլև ծաղրական։ Մարդը նախ պետք է ապահովված լինի սոցիալական առումով, որից հետո միայն կարող է մտածել կրթության մասին։ Իսկ Հայաստանում աղքատությունը աղետալի չափերի է։ Ուսուցիչներն այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ ստիպված են աշխատել մի քանի տեղ՝ ընտանիքը պահելու համար։

Այս ֆոնի վրա նման կոչեր հնչեցնելը կարելի է համեմատել դատարկաբանության հետ։ Աննա Հակոբյանի ուղերձը ոչ միայն վկայում է պատասխանատվության սահմռկեցուցիչ տեղաշարժ, այլև ծնում մի նոր հարց. ի՞նչ է անում իշխանությունը՝ կրթությունը բարելավելու համար։ Ոչինչ։ Նրանք միայն հանդիմանում են ժողովրդին։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է հանդիմանում քաղքացիներին ցածր աշխատավարձով չաշխատելու համար, այնպես էլ Աննա Հակոբյանն է քողարկված հանդիմանում ժողովրդին չսովորելու համար։

Աննա Հակոբյանը մատնանշում է, որ պետք է նոր հմտություններ ձեռք բերել, իսկ մարդիկ իրենք իրենց հարց տան՝ «բավարար գիտելիք ունե՞ն»: Պետությունը չունի բարոյական իրավունք՝ հասարակությունից ակնկալելու «ինքնակրթություն», եթե չի կատարում իր պարտականությունները։ Այս առումով՝ նման կոչը կրթության գործի կազմակերպման պատասխանատվությունը պետության վրայից անհատի վրա բարդելու փորձ է։

Ի վերջո՝ քաղաքացիներից պահանջելն արդար չէ, երբ ՔՊ-ական պաշտոնյաների մեծ մասը քաղաքական գիտելիքներ չունեն։

Ինչու՞ Աննա Հակոբյանը 2018-ին հարց չէր տալիս Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկ դու բավարար գիտելիք ունե՞ս վարչապետ աշխատելու համար։ Դու քաղաքականությունից բան հասկանու՞մ ես, որ բանակցություն ես վարում»։ Եթե կրթական ցենզեր դրվեն պաշտոնյաների առաջ, ապա ՔՊ-ականների մեծ մասը պետք է լքեն իրենց պաշտոնները, քանի որ բավարար գիտելիք չունեն։

Այս առումով հույս կա, որ եթե ՔՊ-ականները փորձեն հետևել Աննա Հակոբյանի կոչին, ապա հրաժարական կտան, կզբաղվեն ինքնակրթությամբ։ Հաշվի առնելով, թե ինչքան շատ բան է առաջարկում սովորել Աննա Հակոբյանը, ենթադրելի է, որ այդքանը սովորելու համար ՔՊ-ականներից կպահանջվի 10-20 տարի։ Այսինքն՝ սա սահուն իշխանափոխության մի տարբերակ է։

Պարզ ասած՝ Աննա Հակոբյանի կոչին հետևող պաշտոնյան պետք է ազատման դիմում գրի ու սկսի սովորել։ Այսինքն՝ եթե ՔՊ-ական պաշտոնյան լսի իր վարչապետի կնոջ կոչը, ամաչի իր տգիտության համար, թողնի պաշտոնն ու գնա սովորելու, ապա ՔՊ-ում մարդ չի մնա։ Իսկ եթե ժողովուրդը անսա նրա կոչին ու սկսի կրթվել 2025-ին, ապա ՔՊ-ն ձայն չի ստանա 2026-ին, քանի որ կրթված մարդկանց մեծ մասը հասկանում է, որ ՔՊ-ն աղետներ է պատճառել պետությանն ու ժողովրդին։ Այնպես որ՝ Աննա Հակոբյանը դանդաղ ական է դնում ՔՊ-ական իշխանության տակ, որը ցանկացած պարագայում հանգեցնելու է իշխանափոխության։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում