Ուղիղ եթեր
Մշակույթ 1 տարի առաջ - 20:38 26-09-2024

Էդուարդ Արծրունյան․ Կոմիտասական

ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում Կոմիտասին 3 անգամ է անդրադարձել՝ չհաշված արդեն ստեղծված կտավների հեղինակային կրկնօրինակները:

Ինքը՝ Արծրունյանը, հուժկու ձայն ուներ և ընկերական հավաքներին հաճախ էր կատարում Կոմիտասի երգերը: Ինձ բախտ չի վիճակվել լսել Էդուարդ Արծրունյանի կոմիտասական կատարումները, սակայն մի օր մեր հանդիպման ողջ ժամանակը Կոմիտասին նվիրեցինք: Վարպետի Կոմիտասին նվիրված բոլոր գործերը համալրում են հանրային հավաքածուները՝ դրանցից երկուսը Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում են, մեկն էլ՝ որմնանկարի տեսքով գտնվում է Իջևանի Գետահովիտ գյուղի այժմյան Մանկական կենտրոնում:

«Կոմիտաս. Երգահավաքը» վերնագրով կտավն Արծրունյանը Կոմիտասի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում է ստեղծել: Ըստ նկարչի՝ Կոմիտասի հոբելյանն առիթ դարձավ, որ նա ուսումնասիրի նրա ողջ երաժշտական ժառանգությունը: Էդուարդ Արծրունյանը պատմում էր, որ նա այդ գործը ստեղծելիս ձայնապնակով լսում էր Կոմիտասի կատարումները և նրա մասին գրքեր կարդում: Նա ոգևորված պատմում էր այն մասին, որ Կոմիտասը 300 երիտասարդներից բաղկացած երգչախումբ է ստեղծել, ովքեր վերջինիս մշակած ժողովրդական երգերն էին կատարում: Նա նաև տպավորված էր Կոմիտասի Հայաստանի գյուղերով ճամփորդելու և երգեր գրի առնելու փաստով: Հենց այդ ոգևորությունն էլ Արծրունյանը արվեստի գործի է վերածել: Կոմիտասին նվիրված գրականությունը Արծրունյանը Մոսկվայում 60-ականների վերջին է ուսումնասիրել: Այդ ժամանահատվածում Կոմիտասը որպես Հայրենիքի կարոտը փարատող դեղահաբ է ծառայել նկարչի համար։



Կոմիտասին նվիրված հաջորդ ստեղծագործությունը ծրագրված չի եղել: 1986 թվականի աշնան վերջին նկարիչը հերթական անգամ Գառնի է այցելել՝ բնապատկերներ և գյուղական կյանքը պատկերելու նպատակով: Եվ ահա փողոցում Արծրունյանը լավաշի բույր է առել և իր անմիջականությանը համաձայն՝ քայլերն ուղղել դեպի այդ տուն: Գրիգոր պապի տանը տարեվերջյան լավաշն էր թխվում՝ առաջիկա ձմռանը գործածելու համար: Վերջին լավաշը թխելուց հետո սովորություն կար ոտքերը թոնրի մեջ կախ գցելու: Եվ այդ պատվին առաջինը տան մեծն էր արժանանում: Արծրունյանը նկատում է, որ քիչ հետո Գրիգոր պապի քունը ջերմությունից տանում է և չքնելու համար նա իր սիրած երգը՝ Կոմիտասի «Կռունկ, ուստի կուգասն» է երգում: Հենց այդ պահին Արծրունյանի աչքի առաջ Կոմիտասի կերպարն է կենդանանում՝ «Երևի Կոմիտասն էլ է այսպես գյուղից-գյուղ գնացել, ոտքերը թոնիրի մեջ դրել, հազար ու մի երգ է գրել ու մշակել»: Հենց հաջորդ օրն Էլ իր մտածումներն Էդուարդ Արծրունյանն կտավին է հանձնել՝ արդյունքում՝ «Կոմիտաս. Խոհեր» նկարն է ստեղծել, որն այժմ Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուում է գտնվում:



3 տարի հետո՝ 1989 թվականին, Էդուարդ Արծրունյանը Իջևանի շրջանի Գետահովիտ գյուղի Հանգստյան տան տնօրենությունից որմնակար ստեղծելու առաջարկ է ստանում: Հանգստյան տան ակումբի բեմում տեղակայված պատը, որը 9 մետր լայնություն և 4.5 մետր բարձրություն ուներ, որմնանկար պետք է դառնար: Արվեստագետը կարճ ժամանակահատվածում այն կյանքի է կոչում: Բարդ հորինվածքով այս ստեղծագործությունը արծրունյանական Հայաստանի խորհրդանիշն է: Որմնանկարում հայ ժողովրդի հերոսական պատմությունն է՝ այն կերտող մարդկանց հավաքական ներկայությամբ՝ Մեսրոպ Մաշտոց, Գևորգ Չաուշ, Եղիշե Չարենց և բնականաբար, Կոմիտաս:



Ինչպես տեսնում ենք, Կոմիտասը «Հայաստան» որմնանկարի մի փոքրիկ մասն է կազմում, սակայն որքան տեսանելի և ներդաշնակ է նրա ներկայությունը այս ստեղծագործության մեջ:

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի