Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 20:10 27-05-2023

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել` 1 տոննա կոկաինի մասին

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել` 1 տոննա կոկաինի մասին: Տեսաուղերձում մասնավորաապես ասվում է.

«Հայաստանի և Արցախի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես։

Այս կազմակերպության գործունեությունը կայանում է Էկվադորից բանանի ներմուծում Հայաստան և Վրաստան։ Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թ-ից։ Այդ ժամանակ խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին, իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։

Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունը ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից ամենօրյա ռեժիմով։

Կազմակերպությունում աշխատում մի շարք աշխատակիցներ, որոնք մասնագիտացված են ամենքը իր նեղ բնագավառում ՝ բանվորներ, առաքիչներ, պահեստապետներ, ներմուծման բաժնի աշխատակից, շուկայի վերահսկողության պատասխանատու և տնօրեն։

Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։

Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել, թե ինչ է փաթեթների մեջ։
Կարճ ժամանակ անց արկղերը տարօրինակ փաթեթներով թողնվում են մի անկյունում՝ ռամպայի վրա, անգամ պահեստ չտանելով, և շարունակվում է բանանի դատարկումը։

Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով շուրջ 15-20 հոգու ներկայությամբ։
Տարօրինակ պարունակությամբ արկղերը որոշ ժամանակ անց տեղափոխվում են պահեստ և տեղեկացվում է ինձ։

Սկզբում, անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը։ Հետագայում, մտափոխվելով և հասկանալով, որ սա կարող է լավ առիթ հանդիսանալ իրավապահների համար օպերատիվ միջացառում իրականացնել թմրանյութի ապօրինի շրջանառության մասով, որոշեցի զանգահարել ԱԱԾ տնօրենին և դեպքի մասին հայտնել։

Ս․թ․ մայիսի 13-ին զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել եմ ապահովել իմ և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։ Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը:

Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կոցմից։ Դա լինում է 1004 կգ։
Եթե հանենք արկղերի և պալետի քաշը ստացվում է 926 կգ զանգված։ Ամբողջ զանգվածը տեղափոխվում է ԱԱԾ։

Հաջորդ իսկ օրը ես ձեռնամուխ եմ լինում, որ ներմուծման բաժնի պետը, պահեստապետը և տնօրենը գնան ԱԱԾ և մանրամասն ներկայացնի ամբողջ իրենց հայտնի ինֆորմացիան։
Նշենք մի քանի կարևոր փաստարկներ․

Փաստ 1
Թմրանյութը «Մրգենի» ընկերության և դրա աշխատակիցների համար տարօրինակ հանգամանքների արդյունքում հայտնվել է պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։

Փաստ 2
Դրա մասին որևէ իրավապահ մարմին չի իմացել։

Փաստ 3
Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին, որը իր համար շոկային է եղել:

Փաստ 4
Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութը իրենց պահեստում հայտնվելու հանգամանքների բացահայտման համար։

Փաստ 5
Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա։ Ավելին, որպեսզի ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղեկանա միայն ղեկավար կազմը, անհրաժեշտության դեպքում գաղտնի միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Փաստ 6
Մինչև ս․ թ․ մայիսի 24-ը ԱԱԾ-ն տնտեսվարողի մասով գաղտնիությունը պահել է, սակայն մայիս 24-ին հրապարակվել է ընկերության անունը և դրան հետևել են բոլորիս հայտնի հրապարակային հայտարարությունները, որը լուրջ վտանգի տակ է դրել աշխատակիցների և թմրանյութի մասին հայտնած անձանց անվտանգությունը։

Այս ամենից հետո, ցավոք սրտի, կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը կալանավորվում են։ Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը։

Հատուկ ծառայությունների այսպիսի գործունեությունը հղի է բազում բացասական հետևանքներով։ Հորդորում եմ, որպեսզի քննություն իրականացնող մարմինները զերծ մնան մարդկանց քաշքշուկից և վերջապես հասկանան, որ այսօրինակ անհեթեթ դեպքերում քաղաքացին պետք է պաշտպանություն գտնի հենց իր երկրի իշխանություններից։

Այսպիսով, իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ