Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:56 11-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Արշավիր Շիրակյան

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։

Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

«Նեմսեսիսի» հայտնի վրիժառուներից է Արշավիր Շիրակյանը։ Նա իր առաջին գործողությունն իրականացրել է 1920 թվականի մարտի 27-ին: Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարաել է հայ դավաճան Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, որոնք սպանվեցին 1915 թվականին։

Վրիժառուն Վահե Իհսանին հանդիպում է Թալաբաշ փողոցում։ Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է նրան, և նա փորձում է փախչել։ Սակայն հասնելով նրան՝ Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին։ Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում։

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թվականի ամռանը հայտնվում Երևանում։ Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ոստիկանությունում՝ զենքի կիրառման մեջ հմտանալու համար։ Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու հայորդիների՝ Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում, որոնք Գերմանիայում միասին 1922 թ․ երկու կարևոր գործողություն պիտի իրականացնեին։

1921 թ․, Հռոմ․․․

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմն էր։ Նա որոշ ժամանակ զննում է Հալիմի կենցաղը և 1921 թվականի դեկտեմբերի 5-ին գնդակահարում նրան։ Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում։ Սայիդ Հալիմի թիկնապահը վախից անգամ փորձ չի անում հակառակվել Արշավիրին։ Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս՝ սպասելով հետագա ցուցումների։



1922 թ․, Բեռլին․․․

1922 թվականի փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին՝ պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին։

1922 թվականի ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը։ Կեսգիշերից առաջ խնջույքն ավարտվում է, և թուրքերը խմբերով հեռանում են հյուրընկալի տնից։ Նրանց մեջ էին Թալեաթի կինը՝ Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին՝ իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ։ Հետևի կողմից մոտենալով խմբին՝ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվում են նրանց վրա։ Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին՝ մի կրակոցով գետին է տապալում նրան։ Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպում է։ Արամ Երկանյանի կրակոցը վերջ է տալիս Բեհաէդդին Շաքիրի կյանքին։ Իրենց գործը ավարտած՝ հայ վրիժառուները հեռանում են Բեռլինից։

Ավարտելով իր առաքելությունը՝ Արշավիր Շիրակյանը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը․․․



Կարդացեք նաև՝ «Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան
«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան
«Նեմեսիսի» հերոսները․ Միսաք Թոռլաքյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին