«Նեմեսիսի» հերոսները․ Միսաք Թոռլաքյան
copy image url

«Նեմեսիսի» հերոսները․ Միսաք Թոռլաքյան

Ներքին 1 տարի առաջ - 22:03 10-05-2023
Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։

Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը։ Թուրքական կողմն առանց նախապես ծանուցելու չեղարկել է հայկական Flyone Armenia ավիաընկերությանը տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Չավուշօղլուն որոշումը պատճառաբանել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմամբ և այն անվանել «սադրանք»։



Ավելի ուշ՝ Չեխիայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։

1919 թ․ հունվարին Ստամբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված դատավարությունը Երիտթուրքերի կառավարության դեմ։ Աննախադեպ ոճրագործության գլխավոր մեղավորներն ու կազմակերպիչները դատավարությանը ներկա չէին․ բարեհաջող ճողոպրել էին։ Չնայած դրան՝ 1919 թ․ ապրիլի 2-ին գլխավոր դատախազը ներկայացրեց մեղադրանքը։ Դատարանն ապացուցված համարեց բոլոր մեղադրանքները և հեռակա մահվան դատապարտեց երիտթուրք պարագլուխներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, Նազըմին և մյուսներին։ Սակայն դատարանի որոշումը մնաց անկատար․․․

Նույն թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին։ Թոռլաքյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։

Վրիժառուն ձերբակալվեց։ Պոլսի դատարանում դատն սկսվեց 1921 թ․ օգոստոսի 11-ին և տևեց 38 օր։

Թոռլաքյանի աչքի առջև սպանել էին իր ամբողջ ընտանիքին, այդ թվում՝ ծնողներին, կնոջը և երկու զավակներին։ Նա ամբողջ կյանքում հիշում էր հոր վերջին խոսքերը․ «Խնայեք զավակներիս»։

Դատական գործում ներգրավվեցին բազմաթիվ վկաներ։ 15-րդ վկան, որին բազմաթիվ հարցեր ուղղվեցին, ականավոր գրող Երվանդ Օտյանն էր։ Նա Պոլսից ոտքով աքսորյալների հետ հասել էր Դեր Զոր և Հալեպ և շատ բան էր տեսել։

Բաքվի եռօրյա կոտորածին զոհ է գնացել 30․000 հայ։ Դաժան ճակատագրի կամոք սեպտեմբերյան կոտորածից առաջ Բաքվում Էրմենիքենդ հայկական թաղամասում էր ապաստանել Տրապիզոնից տեղահանված և քաղաքից քաղաք դեգերած Թոռլաքյանների ընտանիքը։

Դատարանը բազմաթիվ հարցեր է ուղղել Միսաք Թոռլաքյանին, որը ականատեսն է եղել Բաքվի հայության և իր ընտանիքի սպանդին։



«Կոտորածներն սկսեցին սեպտեմբերի 14-ին։ Ես բոլոր կողմերից կրակոցներ էի լսում։ Դուրս եկա։ Ինձ վրա կրակեցին, ես վիրավորվեցի և վայր ընկա։ Երբ տուն վերադարձա, ընկա գետնին։ Կինս եկավ և ինձ ոտքի կանգնեցրեց։ Ինքը և երեխաներս լաց էին լինում։ Մի քանի րոպե հետո անկանոնների մի խումբ բնակարան մտավ։ Ներս մտնելիս նրանք կրակում էին։ Ըստ էության՝ ես գիտակցությունս կորցրել էի, միայն իմ երեխաների ճիչն էի լսում։ Լսեցի, որ հայրս ասաց՝ խղճացեք երեխաներին, մի սպանեք նրանց։ Հետո լսեցի քրոջս ճիչը։ Քույրս աղաչում էր՝ ինձ մի տարեք, ինձ սպանեք ընտանիքիս հետ միասին։ Հետո ճիչերը դադարեցին։ Մնացածը չեմ հիշում»,- դատարանի դահլիճում պատմել է Թոռլաքյանը։

Գիտակցությունը կորցրած Թոռլաքյանը հրաշքով ողջ է մնում։ Նրան չեն թույլատրում գնալ Թիֆլիս։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարը նրան ծաղրում է ու չի տալիս թույլտվությունը՝ ասելով․ «Ինչո՞ւ պիտի թողնեմ, որ գնաս։ Ես ուզում եմ քեզ տեսնել փողոցի անկյունում մուրալիս և մեռնելիս, որ ներքուստ լավ զգամ»։

Դատարանը Թոռլաքյանին անմեղսունակ ճանաչեց և ազատ արձակեց․․․

Կարդացեք նաև՝ «Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան
«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան